Ինձ «Արի տուն» բերեց Հայրենիքիս կարոտը».Նունե Խչոյան

ՀՀ սփյուռքի նախարարության  «Արի տուն-2017» հայրենաճանաչողական ծրագրի  3-րդ փուլի մասնակից Նունե Խչոյանը Վրաստանի Ծալկայի շրջանից է: Սովորում է հայկական դպրոցի 11-րդ դասարանում: Ազատ ժամանակ հաճախում է հայկական պարի դասընթացների: Երազում է բժիշկ կամ հոգեբան դառնալ, որպեսզի ճիշտ մասնագիտական խորհուրդներ տա և բուժի մարդկանց: Որոշել է հետագայում ուսումը Հայաստանում շարունակել և այն հողի վրա գտնվել, որտեղից սերում են իր արմատները:

«Հայերն այսօր»-ի զրուցակիցն անչափ ուրախ է Հայաստանում գտնվելու, մաքուր օդը շնչելու ու սառնորակ ջուրը խմելու համար: Ինչպես վստահեցնում է Նունեն, այստեղ իրեն հարազատ միջավայրում է զգում՝ շրջապատված լավ մարդկանցով:

Փոքր տարիքում մեկ անգամ եկել է Հայաստան, որից հետո ցանկացել է նորից գալ, բայց չի ստացվել: «Արի տուն» ծրագրի շնորհիվ Հայաստանի «դռներն» իր առջև նորից բացվել են, որի համար հոգին հպարտությամբ  է լցվել:

«Ինձ «Արի տուն» բերեց Հայրենիքիս կարոտը: Իմ երազանքը կատարվեց. Հայաստանում եմ գտնվում: Հուզված եմ՝ մեկ հարկի տակ հավաքված այսքա՜ն շատ հասակակիցներիս տեսնելու համար, հուսով եմ՝ միմյանց հետ կծանոթանանք և լավ ընկերներ կդառնանք: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերով շրջելու, հայոց լեզվի դասընթացներին մասնակցելու համար: Անկասկած, այս շրջագայությունից հետո մենք ավելի ենք կապվելու Հայաստանին»,-եզրափակիչ խոսքում ասաց Նունե Խչոյանը:

Գևորգ Չիչյան

Scroll Up