«Շնորհակալությու՛ն, Հայաստան, շնորհակալությու՛ն, Սփյուռքի՛ նախարարություն». Մարիա Ղըդդե
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի յուրաքանչյուր փուլի ավարտ նշանավորվում է Աղավնաձորի գեղատեսիլ բնության գրկում ճամբարային առօրյայի անմոռանալի օրերն ամբողջացնող միջոցառումով ու հրաժեշտի խարույկով, որի ընթացքում սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին իր ջերմ բարեմաղթանքն է հղում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև սկսվում է «Արի տան» մասնակիցների և նրանց կազմակերպիչների կողմից պատրաստված բուն միջոցառումը: Իր տրամաբանական ու գեղեցիկ, հուզիչ ավարտն ունեցավ նաև 2-րդ փուլը, որի մասնակիցներից մի քանիսի հետ «Հայերն այսօր»-ի համար ծավալված փոքրիկ, թերևս փոքր-ինչ վեհերոտ հարցազրույցներիս ընթացքում անգամ ունկնդիրն ու ակնդիրը եղա նրանց հուզված ձայների ելևէջների, նրանց աչքերում շողացող անթաքույց ուրախության:
Մարիա Ղըդդե, 15 տարեկան, Քուվեյթ
–Եկել եմ Քուվեյթից, երրորդ անգամ եմ Հայաստանում: Մինչև առաջին անգամ Հայաստան գալս՝ լսել էի, որ Հայաստանը լեռնային գեղեցիկ մի երկիր է, որ գողտրիկ ու առեղծվածային բնություն ունի, որ այն աշխարհի հնագույն երկրներից է, որ Հայաստանը թանգարան է՝ բաց երկնքի տակ:
Ծնողներիս և իմ ցանկությամբ եմ այստեղ: Մայրս հայուհի է, հայրս՝ սիրիացի արաբ, սակայն մեր ընտանիքում հայերենն է հնչում: Հայրս շատ է սիրում հայերին ու հայոց լեզուն. ի՛նքն է խրախուսում, որ չմոռանանք հայերենր, և ինքը նույնպես սովորում է հայերեն: Հայրիկս ինձ հորդորել է հաճախել հայկական պարերի խումբ: Երազում եմ մշտապես ապրել Հայաստանում, շատ մեծ ցանկություն ունեմ բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում: Չգիտեմ՝ որքանով կիրագործվեն իմ ցանկություններն ու երազանքները, սակայն ես գիտեմ, որ իմ ընտրած մասնագիտությամբ, ուր էլ, որ լինեմ, բարձր պետք է պահեմ հայի պատիվը: Քուվեյթում ես հաճախում եմ տեղի միակ հայկական դպրոց՝ Քուվեյթի ազգային վարժարան, ուր մայրիկս օրիորդ է աշխատում՝ ուսուցչուհի. նա արաբերեն է դասավանդում: Բացի հայկական պարախումբ հաճախելուց՝ ես նաև երգում եմ հայկական երգեր, ձայնագրում եմ իմ երգերը և տեղադրում սոցիալական ցանցերում: Շատ կուզեմ երգի ճանապարհով գնալ: Ես մի եղբայր ունեմ՝ Աբբուդը, ով ինձանից շատ ավելի լավ է խոսում հայերեն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին. հիացած եմ տեսարժան վայրերով, բայց ամենից շատ Գառնին ու Գեղարդն եմ հավանում, իսկ ճամբարային օրերն իսկական հեքիաթ էին, ափսոս, որ այդ հեքիաթն այսօր ավարտվում է: Ճամբարում սովորեցինք հայերեն, Հայաստանի պատմություն, բազմաթիվ միջոցառումներ կազմակերպեցինք, շփվեցինք միմյանց հետ: Ճամբարի տեղն էլ շատ լավն է. անսահման թթվածին ստացանք այս սաղարթախիտ անտառներից: Համոզված եմ, որ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն էլ գոհ պետք է լինի: Կարոտով պետք է հիշեմ «Արի տուն» ծրագրի շրջանակներում անցկացրած ամեն մի օրը, իմ նոր ընկերներին, ուսուցիչներին: Շնորհակալությո՛ւն, Հայաստան, շնորհակալությու՛ն, Սփյուռքի նախարարություն:
Շանթ Բարսեղյան, 10 տարեկան, Ղազախստան, Ատրաու
-Կներեք, որ ես ռուսերենով եմ խոսում. հայերեն էլ գիտեմ, սակայն վախենում եմ սխալներ թույլ տալ, այդ պատճառով էլ կխոսեմ ռուսերենով: Առաջին անգամ եմ Երևանում, բայց Հայաստանում էլի եմ եղել: Մնում եմ մի հյուրընկալ ընտանիքում, ուր ինձ ընդունում են շատ ջերմությամբ: Շատ եմ հավանում Գառնին ու Գեղարդը, Երևանի հրապարակը, շատրվաններն ու ցայտաղբյուրները, անուշահամ մրգերը: Այնքա՜ն բան ունեմ պատմելու ծնողներիս ու ընկերներիս: Շատ լավ օրեր անցկացրեցինք Աղավնաձորում, հայերեն սովորեցինք, հայկական պարեր ու երգեր սովորեցինք, խաղերի մասնակցեցինք: Շա՜տ ափսոս, որ ավարտվեց ժամանակը…
Գայանե Էլիբեկյան, 18 տարեկան, Կանադա, Քեբեկ
-Հինգերորդ անգամ եմ Հայաստանում, հայրիկիս բոլոր բարեկամները Հայաստանում են ապրում, այստեղ տատիկ-պապիկ ունեմ, նրանց մոտ եմ մնում: Երեք տարի առաջ քույրիկս է մասնակցել ծրագրին, և նա խորհուրդ տվեց, որ ես էլ մասնակցեմ. գոհ եմ, որ հետևեցի նրա խորհրդին: Տեսարժան տարբեր վայրերում ենք եղել, սակայն ամենից շատ հավանել եմ Գառնին ու Գեղարդը, Սևանը…Ի դեպ, ծրագրի մասնակիցներից շատե՛րն են հավանել Գառնին ու Գեղարդը: Կանադայում շատ հայեր են ապրում, սակայն չեն մոռանում հայերենն ու Հայաստանը: Հեռվում Հայաստանի կարոտը խեղդում է:
…Այդ կարոտն է, որ այս պատանիներին ու աղջիկներին բերել է Հայաստան, բերել է «Արի տուն», այդ կարո՛տն է, որ նրանց շուրթերով բարբառում է հայերեն՝ Ես հա՛յ եմ, իմ տունը Հայաստա՛նն է, իմ լեզուն հայերե՛նն է…
Կարինե Ավագյան