Ավարտվեց «Արի տուն-2017» ծրագրի առաջին փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը

Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է  (Նապոլեոն I)

Արդեն 9-րդ տարին է «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրն իր դռներն է բացում աշխարհասփյուռ հայ պատանիների ու աղջիկների առջև:

Ավարտվեց «Արի տուն-2017» ծրագրի առաջին փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը, որն անցկացվում էր Երևանի Եղիշե Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոցում, որի տնօրեն Անահիտ Խեչումյանն ամեն առավոտ դասավանդող ուսուցիչների հետ միասին դպրոցում հնչող հայրենասիրական երգերի ներքո սիրալիր ողջունում էր արիտունցիներին:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ինը խմբերում աշխատող ուսուցիչները՝ Շողիկ Փահլևանյանը, Կարինե Եսայանը, Լուսինե Հայրիյանը, Մարիամ Սարգսյանը, Անի Խալաթյանը, Սերա Շահինյանը, Լիզա Գինոսյանը, Վալյա Ստեփանյանը և Աիդա Օհանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանի գլխավորությամբ, արդյունավետ աշախատանքի արդյունքում կարողացան նպաստել երեխաների ուղղագրական և ուղղախոսական խնդիրների բարելավմանը, իրագործեցին բոլոր մեթոդական ցուցումները ի նպաստ հայ լեզվամտածողության ամրապնդմանը:

Արևմատահայերենի ուսուցչուհի Սերա Շահինյանը հավաստում է, որ երեխաները շատ ուրախ էին և տպավորված, երբ ուսուցչուհու շուրթերից լսեցին արևմտահայերեն խոսքը, ինչը մեծ խանդավառության առիթ հանդիսացավ:

Մոսկվայի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանը ընդգծում է, որ այս փուլում նա դարձել է յոթ երեխաների առաջին ուսուցչուհին, որոնցից երեքը խառնամուսնություններից ծնված պատանիներ են (հայրը՝ հայ, մայրը՝ ռուս):

Ուսուցչուհի Լուսինե Հայրիյանը զարմացած էր Ջավախքից մի տղայի առանձնահատուկ տաղանդով, ով կարողանում էր հանձնարարված կիսատ աֆորիզմները կռահել և ամբողջացնել:

Scroll Up