ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արմեն Աշոտյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ հունիսի 30-ին շարունակվել է քննարկվել «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Քննարկվել են ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ սփյուռքի նախարարությունների՝ նախորդ տարում իրականացված ծրագրերը եւ այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցներն ու կատարողականը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախորդ տարում նախարարության կատարած աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ամբողջությամբ իրականացվել են նախատեսված 12 ծրագրերը:

Նախարարի խոսքով՝ սիրիահայերի կրթության, առողջապահության եւ սոցիալական խնդիրներն ամբողջությամբ անվճար են լուծվում: «Շուրջ 2000 երեխա սովորում է հանրապետության դպրոցներում, իսկ 500 երիտասարդ՝ ԲՈՒՀ-երում: Վարձավճարների հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը», – նշել է Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը իր ելույթում ներկայացրել է նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության ծախսերը, որոնք կազմել են շուրջ 1.1 մլրդ դրամ՝ 16 ծրագրի իրականացման համար՝ արձանագրելով 96 տոկոս կատարողական, որի հիմնական մասը ծախսվել է հանգիստ, մշակույթ եւ կրոն բյուջետային դասակարգման բաժնում նախատեսված ծրագրերի համար: Մշակութային ծրագրերի իրականացման համար օգտագործվել է 356 մլն դրամ, կրթության համար՝ 97 մլն դրամ, նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են շուրջ 350 մլն դրամ:

 

Scroll Up