Հալեպահայությունը կարողացավ պատվով դուրս գալ պատերազմից. Արսեն Գրիգորյան (Մրո)
Հայաստանի Հանրապետության անկախության 99-րդ տարելիցը մեծ շուքով ու ոգևորությամբ նշվեց պատերազմի ծանր բեռը դեռևս նոր թոթափած Սիրիայի Հալեպ քաղաքում:
Վեց տարի շարունակ ռմբակոծվող, ահաբեկչական հարձակումների թիրախ դարձած հալեպահայությունը մայիսի 28-ին հավաքվել էր սփյուռքի հայապահպանության գլխավոր դարբնոցում` Նոր Գյուղի «Կարեն- Եփփե» ազգային ճեմարանի բակում նշելու Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը:
Մայիսի 28-ը կրկնակի տոն էր հալեպահայության համար. Հայաստանի անկախության 99-րդ տարելիցը համընկավ Նոր Գյուղի ընտանեկան բարեկարգված պարտեզի բացմանը:
Պատերազմից հետո առաջին անգամ Հալեպի հայկական թաղամասում թնդաց ազգային երգն ու պարը: Ազգագրական երգերով հանդես եկան հայրենի երգիչներ Արսեն Գրիգորյանն (Մրո) ու Մկրտիչ Մկրտիչյանը (Մակիչ):
Շուրջ 5000 հայեր հավաքվել էին ճեմարանի բակում ազգային ակունքներից ըմբոշխնելու ժողովրդական-հայրենասիրական երգերի շարան, ինչպես`«Հորովել», «Մենք պետք է կռվենք», «Արծիվ սլացիր», «Գինի լից» և այլն:
Արսեն Գրիգորյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում կիսվեց համերգից ստացած իր տպավորություններով. «Այնպիսի ավերածությունների էր ենթարկվել Հալեպը, որ սկզբում չճանաչեցի, թեև շատ լավ ծանոթ եմ քաղաքին: Մեծ տառապանքների և կրակների միջով է պատերազմի օրերին անցել մեր ժողովուրդը Հալեպում: Պատահական չէ, որ և´ ես, և´ Մակիչը հաղորդակցության ընթացքում փորձեցինք մեր ժողովրդին փոխանցել Հայաստանի, ինչու ոչ՝ նաև ամբողջ աշխարհի հայության երախտագիտությունը, որ պատերազմի արհավիրքի մեջ պահեցին և պահպանեցին հայ համայնքը: Հայաստանի սահմանները լոկ աշխարհագրական սահմաններ չեն, այլև բարոյական սահմաններ ունենք և այդ սահմանների մեջ է ներառված նաև Հալեպը` իբրև բարոյականության, մեր ինքնությունը պահելու կարևոր հանգրվան: Հալեպահայությունը կարողացավ պատվով դուրս գալ պատերազմից` իր սահմանները պահելով անառիկ»:
Զրույցի ընթացքում Արսեն Գրիգորյանը արտահայտեց նաև իր մտահոգությունը պարերազմի արդյունքում որբացած հայ երեխաների ճակատագրերի վերաբերյալ և հույս հայտնեց՝ այդ երեխաներին մոտ ապագայում տեսնել Հայաստանում:
«Գնացել էինք նրանց ոգևորելու, մենք առավել խանդավառված վերադարձանք: Անկարելի է չհուզվել, երբ տեսնում ես, որ օտար ափերում հայ երիտասարդ է զոհվել՝ իր ինքնությունը, իր դպրոցն ու եկեղեցին պահպանելիս. ահա թե ով է հայը»,- զրույցի վերջում ասաց Արսեն Գրիգորյանը:
Հավելենք, որ տոնակատարությանը ներկա էին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: