Երկու դաշնամուր Ստեփանակերտի մանկապարտեզին՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում
«Հայերն այսօր»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղն օրեր առաջ առաջին օժանդակությունն էր ցուցաբերել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցին ՝ նվիրելով դաշնամուր:
Այսօր արդեն, ինչպես «Հայերն այսօր»-ինտեղեկացնում է արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, ևս երկու դաշնամուր են նվիրվել Ստեփանակերտի թիվ 4 մանկապարտեզին՝ շարունակելով Արցախի հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Մանկապարտեզի տնօրեն Նունե Միքայելյանը «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում երեխաների, ծնողների և իր անունից մարդասիրական օգնության համար խորին երախտագիտություն հայտնեց արգենտինահայ հայրենակիցներին՝ նշելով. «Անչափ ուրախ ենք և հուզված այս նվիրատվությունից. երաժշտական գործիքի առկայությունն առավել քան երբևէ անհրաժեշտ էր մեզ: Մանկապարտեզը բաղկացած է երկու մասնաշենքից, այդ պատճառով էի երկու դաշնամուր խնդրել, և ինչպես տեսնում եք՝ խնդրանքս չմերժեցին: Թո՛ղ նման նախաձեռնությունները շարունակական լինեն»:
Հավելենք, որ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» խորագրով համերգարշավ է սկսել, որից գոյացած հասույթով երաժշտական գործիքներ է գնում Արցախի դպրոցների, մանկապարտեզների և, հատկապես՝ երաժշտական դպրոցների համար: