«Մենք միասին ուժեղ ենք, հզո՛ր, իսկ միայնակ՝ դատապարտված». Ռեմի Մաքենեջյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/06/16-2.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված ֆրանսահայ երիտասարդ գործարար Ռեմի Մաքենեջյանը եղավ նաև «Հայերն այսօր»–ի խմբագրասենյակում, և չնայած իր երիտասարդ տարիքին, հաճելիորեն զարմացրեց բոլորիս՝ իր ծավալած տարողունակ գործունեությամբ: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:
-Պարո՛ն Մաքենեջյան, բարո՛վ եք եկել Հայաստան. խնդրում եմ պատմեք Ձեր մասին. ասացեք, խնդրեմ, թե ինչ մասնագետ եք և ինչ աշխատանք եք կատարում Ֆրանսիայում:
-Շնորհակա՛լ եմ ջերմ ընդունելության համար. ծնվել եմ 1973-ին, Ֆրանսիայի հարավում գտնվող մի նահանգում, մեծացել եմ Ֆրանսիայում, սակայն ես զտարյուն հայ եմ և՛ հայրական, և՛ մայրական կողմից: Մորս ազգանունը Մարտիկյան է: Իմ մեծ հայրն ու մեծ մայրը Հայոց ցեղասպանությունից տաս տարի անց հաստատվել են այդ նահանգում: Մեծ հորս մահից հետո տան գլխավորը հայրս էր. նա մեզ առաջնորդեց դեպի հայկական դպրոց: Մենք երկու եղբայր ենք, եղբայրս հաճախում էր դպրոց և այդ ժամանակ, երբ 14 տարեկան էի, առաջին անգամ ինձ համար հայտնաբերեցի Հայաստանն ու հային. դա 29-ը տարի առաջ էր: Հայաստան կատարած իմ առաջին ճանապարհորդությունը ծնողներիս, ընտանիքիս հետ էր: Ես սովորել եմ Ֆրանսիայում, որից հետո՝ Միացյալ Նահանգներում: Ավարտելուց հետո ստեղծեցի իմ առաջին ձեռնարկությունը, որը զբաղվում էր տղամարդու հագուստների ոճաբանությամբ, 4 տարի առաջ իմ ձեռնարկությունը վաճառեցի մի այլ՝ ավելի մեծ կազմակերպության և շարունակեցի իմ գործունեությունն անշարժ գույքի ձեռնարկությունում: Այնուհետև ստեղծեցի իմ սեփական ձեռնարկությունը:
-Պարո՛ն Ռեմի, ես տեղյակ եմ, որ դուք մարդասիրական մեծ գործունեություն եք ծավալել 1988-ի Հայաստանի ավերիչ երկրաշարժի օրերին. պատմեք, խնդրեմ այդ մասին:
-Ես ընդգրկված եմ հայկական համայնքի կազմում. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի օրերին բոլորս էինք մտահոգ, ցնցված և մտածում էինք ինչ-որ կերպ ձեռք մեկնել աղետից տուժած հայ ժողովրդին: Մենք այդ ժամանակ դիմեցինք Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, որպեսզի օգնի մեզ՝ աջակցելու մեր հայրենակիցներին: Երկու ինքնաթիռ առաջին անհրաժեշտության սնունդ և հագուստեղեն ենք հասցրել Հայաստան: Եկանք Լենինական ու բերեցինք սնունդ, ձմեռային հագուստեղեն, կոշկեղեն: Սպիտակում կառուցեցինք հացի արտադրամաս՝ բնակչությանը տաք հացով ապահովելու համար: Դրանից հետո՝ մոտ 8 տարի, ես շատ զբաղված եմ եղել իմ ձեռնարկության գործերով և հայկական համայնքում գործուն մասնակցություն չեմ ունեցել: 4 տարի հետո վերադարձա համայնք. անցյալ տարի հանդիպեցի Անտուան Բաղդիկյանին: Մասնակցել եմ Սարկոզիի նախագահական ընտրություններին: Անտուան Բաղդիկյանի հետ զրուցեցինք «Խաչքար» ծրագրի մասին, ու ես ասացի, որ պատրաստ եմ ֆինանսապես օգտակար լինել ծրագրի իրականացմանը: Ես նաև ՀԲԸՄ-ի ֆրանսիայի մասնաճյուղի անդամ եմ: Իմ լավ ընկեր Պատրիկ Մալաքյանին առաջարկեցի իմ մասնակցությունն ու աջակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված բոլոր միջոցառումներին: Որոշեցի և ֆրանսիայի բոլոր հայկական համայնքներին առաջարկեցի մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ֆրանսիայում, առհասարակ՝ Եվրոպայում, շատ մեծ հեղինակություն և 600 հազարից ավելի բաժանորդ ունեցող «Ֆիգարո» ամսագրում, որը մասնաճյուղեր ունի Լոս Անջելեսում, Սինգապուրում և այլուր, Հայոց ցեղասպանության նախաձեռնություններին և միջոցառումներին 8 էջ նվիրվեց: Համայն աշխարհը տեսավ, կարդաց, տեղեկացավ, թե ինչպես են հայերը խնկարկում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը: Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ այդ աշխատանքներին, որ իմ ներդրումն եմ ունեցել նախնիներիս հետ կատարված անմարդկային ոճիրը մեկ անգամ ևս աշխարհին հայտնելու համար: Մեր պատմությունը նման չէ աշխարհի մյուս ժողովուրդների պատմություններին: Մենք յուրահատուկ ենք թե՛ մեր պատմությամբ, թե՛ մեր տեսակով: Դրա համար կան երեք պատճառներ՝ մեկը Հայոց ցեղասպանությունն է, երկրորդն այն է, որ մենք առաջինն ենք, որ պետականորեն ընդունել ենք քրիստոնեությունը, երրորդն էլ այն է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը երբեք չեն ճնշում ուրիշ ազգերին, և յուրաքանչյուր հայ ինտեգրվում է այն երկրի կյանքին, տնտեսությանը, հասարակությանը, որտեղ ինքն ապրում է՝ լավագույնս ներկայանալով իր աշխատասիրությամբ, տաղանդով, հաջողություններով:
-Պարո՛ն Մաքենեջյան, աշխարհով մեկ սփռված հայերն ամենուր արարում են, կյանքի տարբեր ոլորտներում ներկայանալի դառնում իրենց ակնառու հաջողություններով. Ձեր կարծիքով ինչի՞ կարիք ունի այսօր հայը՝ առավել ուժեղ ու ճանաչելի դառնալու համար:
-Մենք՝ հայերս, աշխարհի աղն ենք: Աշխարհի տարբեր ծագերում ապրող յուրաքանչյուր հայի պատմությունը հաճախ հաջողություններով զուգորդված պատմություն է, սակայն անհրաժեշտ է, որ մենք բոլորս միասի՛ն լինենք, միասնակա՛ն, ուժե՛ղ: Մենք բոլորս պետք է մտածենք մի ուղղությամբ՝ ի շահ և ի նպաստ հայի պատմության, Հայաստանի ներկայի ու ապագայի. մենք միասին ուժեղ ենք, իսկ միայնակ՝ դատապարտված: Ամբողջ աշխարհի հայությունը, հայկական համայնքները, որտեղ էլ, որ գտնվեն, իրենց ներդրումը պետք է անեն հանուն ազգի ապագայի, դա շաղախ է բոլոր հայկական համայնքների միավորման համար: Հայկական համայնքների միավորման համար շատ կարևոր, շաղկապող հաջորդ միջոցը Հայոց եկեղեցին է: Մենք պարտավոր ենք եկող սերունդներին փոխանցել հայոց լեզուն ու մշակույթը, մեր ազգային ավանդույթները, հայկական բոլոր արժեքները: Օտար երկրներում հայությունը կարիք ունի սովորելու Հայոց եկեղեցու մշակույթը. այն պետք է ներդնել մեր ազգային մշակույթի շտեմարանում: Այսօր Հայաստանը մի փոքրիկ երկիր է, սակայն ապագայում այն կարող է դառնալ շատ մեծ ու հզոր երկիր: Մենք պետք է տարբեր նախագծերով համագործակցենք Հայաստանի կառավարության հետ. ցանկություն ունենք հմտություններ ու նորարարական գիտելիքներ, փորձառություն բերել Հայաստան և խթանել երկրի առաջընթացին: Մենք սկսել ենք նման նախագծեր, որոնք արդեն ընթացքի մեջ են:
-Ձեր դիրքորոշումը Ֆրանսիայի նորընտիր նախագահի նկատմամբ. տպավորություն է, որ նա հայամետ է և լավ գիտի մեր պատմությունը:
– Ընտրությունների ընթացքում պարոն Մաքրոնը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ եկավ ծաղիկներով, որի համար շատ շնորհակալ ենք, սակայն նախարարներից Մազախը կարծես թե հակայկական քաղաքականություն ունի. դա է պատճառը, որ մի քիչ մտահոգված ենք: Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործենք, որպեսզի խոսենք կառավարության, հայկական համայնքների հետ. ես առաջարկեցի, որ ֆրանսիայում հայկական հեռուստատեսություն հրավիրենք ֆրանսիացի սենատորների, կառավարության անդամների և հայ տաղանդավոր մարդկանց , հայկական համայնքների գործուն անդամների և խոսենք մեր մասին, ներկայացնենք Հայաստանն ու հային, որ աշխարհով մեկ հնչի մեր ձայնը: Օրինակ՝ թուրքական կառավարությունը ֆինանսավորում է Եվրոպայի BFM TV-ին, այդ կազմակերպության առաջատար մասնագետներին, և նրանք ասում են, որ Թուրքիան հզոր, ապահով ու քաղցր երկիր է և խրախուսում են մարդկանց գնալ Թուրքիա ու ներդրումներ անել այնտեղ: Ամբողջ այդ ծրագիրը ֆինանսավորում է թուրքական կառավարությունը: Հայկական համայնքները պարտավոր են միավորել իրենց ուժերն ու հակադրվել այդ երևույթին: Այսօր հարկ է, որ մերոնք գնեն «ֆիգարո» ամսագիրը, կարդան և հակառակ քարոզչություն անեն: Գուցե շատերն ինձ հետ համամիտ չլինեն, սակայն մենք սովորելու բան ունենք հրեական համայնքից: Մենք մեր վաստակած գումարի մի մասը պետք է ներդնենք այսօրինակ գործերում. մենք քիչ չենք Սփյուռքում, կարո՛ղ ենք և պե՛տք է լինենք շատ հզոր: Կրկին ասեմ, որ միայնակ ու ցաքուցրված՝ մենք դատապարտված ենք, իսկ միասին ու համախմբված՝ շատ հզոր կլինենք:
-Շնորհակալություն՛, պարոն Մաքենեջյան. հուսանք, որ ազգահավաք և ազգանպաստ Ձեր գաղափարներն անպայման իրականություն կդառնան, և Ձեր ձայնը Սփյուռքում կհնչի՝ որպես արթնության կոչնակի մի նոր ղողանջ:
Կարինե Ավագյան