«Երախտագիտության մեդալով պարգևատրվելն ինձ համար անակնկալ էր».Անտուան Բաղդիկյան

 ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված մեր հայրենակիցները՝ Ֆրանսիայում հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանն ու ֆրանսահայ երիտասարդ գործարար Ռեմի Մաքենեջյանը,   եղան նաև «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, ուր նրանց հետ ծավալվեց բովանդակալից ու հետաքրքիր հարցազրույց, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Բարի՛ գալուստ Հայրենիք, պարոնա՛յք, բարի՛ գալուստ Սփյուռքի նախարարություն. պարո՛ն Բաղդիկյան, մեր զրույցն սկսենք սկզբում Ձեզ հետ. ին՞չ առաքելությամբ եք Հայաստանում:

-Ինձ տեղեկացրին, որ Հայրենիքում ինձ Երախտագիտության մեդալով են պարգևատրելու՝ 40-ամյա հայրենանվեր գործունեությանս համար, որն անկնկալ էր. միշտ ցանկալի է Հայաստան գալը, բայց այս այցիս հիմնական նպատակը դա էր: Շատ հպարտ եմ ու շնորհակալ, որ Հայրենիքում ինձ այսպիսի պատվի արժանացրին, որ ՀՀ սփյուռքի շատ սիրելի նախարարուհին գնահատում է մեր աշխատանքը: Այս մեդալը միայն իմը չէ, այլ՝ ինձ հետ աշխատող բոլոր կամավորներինը:

– Կարևորագույն ի՞նչ խնդիրների մասին եք զրուցել Սփյուռքի նախարարությունում, համագործակցության առավել սերտացման ինչպիսի՞ ճանապարհներ եք տեսնում:

-Ես ՀՀ սփյուռքի նախարարի հետ վաղո՛ւց ունեմ բարեկամական կապեր. մենք նախարարի հետ շատ գործեր ենք ձեռնարկել ու իրականացնել: Տարիներ առաջ նա ժամանել էր ֆրանսիա, ուր դեկտեմբերի 13-ին Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի ունեցավ Հայոց վերջին՝ Լևոն 5-րդ թագավորի, ֆրանսիայի ազատության համար  ընկած հայ մարտիկների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը, որին սիրով իր մասնակցությունն ունեցավ հարգարժան նախարարուհին: Հիմա սպասում ենք, որ նախարարի միջոցով Հայաստանի քաղաքներից մեկը կապենք ֆրանսիայի Լուսինյան քաղաքի հետ: Մենք պետք է մշտական սերտ համագործակցություն ունենանք Հայաստանի, Սփյուռքի նախարարության հետ, չպետք է մեկուսի մնանք:

-Հայապահպան ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում Ֆրանսիայում:

– Մասնագիտությամբ ինժեներ եմ՝ էլեկտրոնիկայի գծով: Մեկ-երկու տարի աշխատել եմ ֆրանսիական մի ձեռնարկությունում, որից հետո իմ մասնագիտությամբ աշխատանքի եմ անցել գերմանական մի կազմակերպությունում. մի քանի ամիս սովորել էի անգլերեն, մտածեցի, որ գերմանական այդ կազմակերպությունում էլ որոշ ժամանակ կաշխատեմ, գերմաներեն կսովորեմ, բայց 40 տարի ես մնացի ոչ որպես ինժեներ, այլ՝ տնօրեն…այդպես ստացվեց: Այնուհետև այնքան ուժ հավաքեցի, այնքան հնարավորություն ունեցա, որ հետագայում այն օգտագործեցի ի շահ հայության: Երբ 60 տարիս լրացավ, ինձ կանչեցին ու ասացին՝ պարո՛ն Անտոն Բաղդիկյան, պետք է, որ հոգնած լինեք…Ես սկսեցի զբաղվել հայկական գաղութի գործերով:

…Ես Ֆրանսիայի Հայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման միության նախագահն եմ. միությունը մաս է կազմում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող CCAF խորհրդի և ակտիվ գործունեություն ծավալում՝ ի հիշատակ 2-րդ համաշխարհային պատերազմի հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 23 անդամների: Միության ջանքերով ամեն ինչ արվում է, որպեսզի չմոռացվի ֆրանսիայի համար պայքարած և իրենց կյանքը զոհած հայերի սխրանքը: Ինչպես գիտեք, Առաջին, Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հայ կամավորները ֆրանսիացիների հետ կողք կողքի կռվել են, Միսաք Մանուշյանի ղեկավարությամբ 2-րդ համաշխարհայինի ժամանակ եղել են պայքարի առաջին շարքերում: Ես ծանոթացա Մելինե Մանուշյանի հետ. այդ ժամանակ չգիտեի Ֆրանսիայում հայերի ծավալած գործողությունների մասին: Մելինե Մանուշյանն ինձ պատմեց ու ասաց. «Անտո՛ն, տղա՛ս, մեր պատմությո՛ւնը, հայերի թափած արյունը Միսաք Մանուշյանի՛ թափած արյունը ոսկե բանալի է, որը գետնին ընկած է, և ոչ ոք չի վերցնում», ես կարծեցի, թե խոսքն իսկական բանալու մասին է… բայց դա մի այնպիսի բանալի էր, որ ֆրանսիայում կարողացել է բացել բոլոր դռները: Ոչ մի նախագահ չկարողացավ ինձ մերժել իմ ձեռնարկներում, չմերժեց խոսել հայերի մասին ու հայերի անունից, հայերի կատարած սխրանքի մասին: Ֆրանսիացիները գիտեն, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերը Փարիզում ստեղծել են կամավորների միություն ու կանգնել ֆրանսիացիների կողքին: Հայկական լեգեոնը պայքարեց մինչև 1920 թվականը: Միսաք Մանուշյանը, մեր հայրենակիցներն այնքան սիրեցին Ֆրանսիան ու ֆրանսիացիներին, որ մարտիրոսվեցին Ֆրանսիայի համար: Ֆրանսիայում մենք խաչքարեր ունենք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը՝ մեկը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ներքևի հատվածում ոսկեգրով գրված է՝ Ի հիշատակ Հայոց եղեռնի 1.5 միլիոն զոհերի, մյուս խաչքարը խորհրդանշում է ֆրանսիայի համար հայերի թափած արյունը. սա սուրբ ճանապարհ է:

-Պարո՛ն Բաղդիկյան, խնդրում եմ մի փոքր պատմել նաև Ձեր արմատների, Ֆրանսիայում՝ Ձեր ընտանիքի հանգրվանելու պատմության դրվագներից:

-Մորս կողմը սասունցիներ են եղել, հորս կողմը՝ մարաշցիներ. ես ծնվել եմ Ֆրանսիայի մի փոքրիկ գյուղում: Մայրս էլ, հազարավոր հայերի նման, որբ է եղել, շատերի հետ հայտնվել են Հունաստանում՝ Սալոնիկում, հորս կողմը նույնպես գնացել է Հունաստան, հանգրվանել որբանոցներում: Մեծ հայրս ու մեծ մայրս 18 տարեկանում ամուսնացել են Հունաստանում, մայրս ծնվել է Աթինայում, 3 տարեկանում  մի մարդ ու մի կին նրան տանում են Ֆրանսիա…Այսպիսի ճակատագիր, հա՛յի ճակատագիր…

-Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապերն ի՞նչ բարձունքի վրա են:

-Ես մշտապես զբաղվում եմ զինվորական մշակույթով, քանի որ մենք էլ ցանկություն ունենք օժանդակել դպրոցներին այդ առումով: Եթե որևէ երկրում հայերն ինչ-որ նախաձեռնություն են հանդես բերում, պետք է գործն ավելի շատ լինի, քան՝ խոսքը: Մենք պետք է զարգացնենք հայոց լեզվի, Արցախի, ողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված մեր աշխատանքային գործունեությունը. անչափ կարևոր են այդ ոլորտներում տարվող աշխատանքները:

-Շնորհակալությու՛ն, պարո՛ն Բաղդիկյան. հաջողություն եմ մաղթում Ձեր հայրենանվեր գործունեությանը:

Կարինե Ավագյան

 

Scroll Up