Չիլիահայ երգիչները բացահայտեցին Հայրենիքի առեղծվածային գույները

Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատե՛րն են հետամուտ հայ ինքնության պահպանմանը: Նրանք օտարության մեջ կարողանում են ոչ միայն պահել ու պահպանել հայ մշակույթը, Մայրենին, մեր ազգային ավանդույթներն ու բոլոր սովորույթները, այլև զարգացնում են այդ հոգևոր արժեքները, ներկայացնում այն օտար ազգերին:

2013 թվականին Նելսոն Բալոյանը Չիլիի հայկական համայնքում ընկերների հետ որոշել էր հիմնել «Ծիծեռնակ» երգչախումբը՝ հայ երիտասարդներին օտար ափերում ազգային երգ-երաժշտությանը ծանոթացնելու նպատակով: Երգչախմբի ստեղծման նպատակն էր նաև համայնքում տեղի ունեցող ազգային, եկեղեցական և պետական տոներին ելույթ ունենալը: Երգչախմբի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Բարսեղ Կանաչյանի և նշանավոր այլ հայ երգահանների ստեղծագործություններից:

Տարիների ընթացքում «Ծիծեռնակ»-ը ելույթներով հանդես է գալիս նաև Չիլիի հանդիսատեսի համար՝ մշակութային կենտրոններում և եկեղեցիներում: Երգչախմբի ամենահիշարժան ելույթը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին Չիլի կատարած պաշտոնական այցի ժամանակ: Երգաչախմբի՝ տարբեր տարիքի 11 անդամները կարողանում են լավագույնս ներկայացնել մեր երգահանների ստեղծագործությունների ընտրանին:

unnamed-2

«Ծիծեռնակ» երգաչախմբի անդամներն այս տարի ճանաչողական այցելությամբ առաջին անգամ են գտնվում Մայր Հայրենիքում:

«Ես Չիլիում երաժշտական կրթություն եմ ստացել, խմբավար եմ եղել: Այդպիսով, խումբ  ստեղծեցինք՝ 5 տղա և վեց աղջիկ: Չիլիահայերը շատ էին ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում հայ լինելը. տեղի հայկական համայնքը փոքրաթիվ է, չեն գործում դպրոցներ, հայկական եկեղեցի… Երգի ու երաժշտության միջոցո՛վ են հայորդիները փորձում պահպանել իրենց հայկականությունը և չկորցնել ազգային դիմագիծը:Համայնքում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին մասնացում ենք, լինի՝ ապրիլի 24-ին, սեպտեմբերի 21-ին: Հոկտեմբերին հայկական մշակույթի օրեր ունենք, որը մեծ շուքով ենք նշում: Հայ մշակույթը ներկայացնում ենք նաև Չիլիում ապրող օտարազգիներին, չիլիացիներին, ովքեր շատ են հավանում և գնահատում հայկական երգերը,-մեր զրույցի ընթացքում ասում է Նելսոն Բալոյանը և շարունակում,-խմբի անդամները շատ էին ցանկանում լինել Հայաստանում, քանի որ երբեք չէին եղել Հայրենիքում:

Շատ խանդավառված են, որ սեփական աչքերով են տեսնում Հայրենիքը,այցելել են Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրեր՝ Նորավանք, Խոր Վիրապ, Տաթև, Գորիս, Գառնի-Գեղարդ, Էջմիածին, Դիլիջան, որտեղ երիտասարդները մասնակցեցին պատարագին ու շատ տպավորվեցին: Ասում են, որ հայ լինելու իրական արժեքը զգացին այցելությունից հետո միայն: Հայաստանը նրանց աչքերով մի ինքնատիպ թանգարան է՝ բաց երկնքի տակ: Հայաստանում գտնվելու օրերին հանդիպեցի նաև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանին, ում ջերմ ընդունելությունից և խորհուրդներից շատ տպավորված եմ.մեծ պատիվ եմ համարում այդ ընդունելությունը, կաշխատեմ նրա խոսքերը, այն է՝ օտար ափերում պահել ու պահպանել հայ մշակույթը, հաճախ լինել Հայաստանում, իրականություն դարձնել»:

Չիլիահայ երիտասարդների համար Հայրենիքն այս այցելությամբ բացահայտվեց զարմանահրաշ գույներով, նրանք ասես մի նոր լիցք ստացան մեր առեղծվածային երկրի բնությունից, մեր հողի ու ջրի անբացատրելի զորությունից: Նրանք դեռ երկար կմնան այդ գեղեցիկ հիշողությունների տպավորության ներքո՝ հաստատապես Հայաստանում կրկին լինելու որոշմամբ:

Գևորգ Չիչյան

«Հայերն այսօր»

unnamed-1 img_5282

 

Scroll Up