«Աշխարհով մեկ սփռված բոլոր հայորդիները պետք է մի մեծ ընտանիք դառնան». Սոնա Ասրյան
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին Հոլանդիայից ժամանած «Գլաձոր» երիտասարդական կազմակերպության մասնակիցները: Իմ զրույցը երիտասարդ հայերի ու հայուհիների հետ հուզիչ մի տեսարան էր՝ արցունքներից լճացած հայկական գեղեցիկ աչքեր, տպավորությունների հեղեղ, անթաքույց ոգևորություն, հիացմունք, մոտալուտ բաժանման թախիծ և անսահման կարոտ….
Երիտասարդական միության կազմում Հոլանդիայի տարբեր քաղաքներից ընդգրկված երիտասարդ հայորդիներից շատերն, առաջին անգամ լինելով Հայաստանում, հիացած պատմում էին իրենց տպավորությունների մասին, իսկ նրանք, ովքեր նախկինում եղել էին Հայաստանում, խոսում էին անճանաչելիորեն փոխված, գեղեցկացած Երևանի մասին: Երիտասարդական միության ղեկավար Սոնա Ասրյանը, տարիներ առաջ մասնակցելով նախարարության «Արի տուն» ծրագրին, ճանաչել է Հայրենիքն ավելի մոտիկից և վերադառնալով Հոլանդիա՝ ընկերներին պատմել իր տեսածն ու զգացածը:
Հոլանդահայ երիտասարդներն այս օրերին սեփական աչքերով տեսան այն սքանչելիքը, որը Հայաստան է կոչվում:
Սոնա Ասրյան-Մենք այցելել ենք Տաթև, Նորավանք, Էջմիածին, շատ ենք զբոսնել Երևանում, գնալու ենք Սևան: Տեսարժան վայրերով հիացած՝ չեմ կարող չասել հայկական ջերմության մասին. մարդիկ շատ բարի են, հարազատի նման: Այստեղ ամեն ինչ է սքանչելի՝ օդը, ջուրը, արևը, մարդիկ, քաղաքը, տեսարժան վայրերը:
Բարետ Գալաջյան– Հայ ժողովուրդն է ամենամեծ սքանչելիքը, շատ տպավորված եմ ամեն ինչից: Աշխարհում որևէ այլ տեղ այսպիսի ժողովուրդ հաստատ չկա: Երևանը շատ գեղեցիկ քաղաք է:
Մասիս Սաֆարյան-Առաջին անգամ եմ Հայաստանում, հիացած եմ տեսարժան վայրերով, պատմամշակութային հուշարձաններով. հպարտ եմ, որ հայ եմ ծնվել: Չմոռանամ ասել , որ հայ աղջիկիները շատ գեղեցիկ են:
Հիլդա Դոմանյան-Երբ ոտք դրի հայկական հողին, ինձ ավելի ուժեղ ու հպարտ զգացի: Ասի, որ ես մեկ հատիկ անուշ Հայրենիք ունիմ: Հրաշալի է, երբ շուրջ բոլորդ հայերեն են խոսում. տեսա շատ հայերի ու լսեցի հարազատ մայրենին: Շատ սիրեցի իմ սիրուն Հայրենիքը, Երևանը:
Հովհաննես Դշավուրյան– Երբ օդանավը վայրէջք կատարեց Երևանում, երբ առաջին անգամ ոտքս դիպավ Հայրենիքիս հողին, առաջին հրաշքն իմ աչքերի առջև ցոլացող փառահեղ Մասիսը եղավ. սիրտս սկսեց արագ բաբախել:Հայաստանն ու հայերն ինձ համար շատ թանկ են: Ախպերությունը հայերուն մեջ է:
Քրիստինե Ափրի-Հայաստանի բնությունը, օդը, հատկապես ջուրը, աշխարհի ոչ մի երկիր հաստատ չունի:Շուրջ բոլորս խոսում են հայերեն լեզվով, և ես ինձ շատ կարևոր , ուժեղ մարդ եմ զգում այստեղ:
Կարին– Ամեն ինչով եմ հիացած, ինձ համար կարևորն այն է, որ Հայրենիք ունեմ:
…Մեր զրույցը ծավալվեց երիտասարդության, աշխարհի և Հայաստանի ապագայի մտորումների, «Գլաձոր» երիտասարդական միության կազմակերպած միջոցառումների շուրջ: Սոնան պատմեց, թե ինչքան շատ են սիրում հայ բանաստեղծներին, առավելապես՝ Պարույր Սևակին, ում նվիրված հրաշալի միջոցառում են կազմակերպել, ասմունքել Սևակի գործերից, ասաց նաև, որ իրենք ունեն «Բանաստեղծության օր» խորագիրը կրող և շարունակական ընթացք ունեցող, երիտասարդների կողմից շատ սիրված միջոցառումը, որի շրջանակներում հայորդիները ծանոթանում են մեր դասական գրողներին, մեր մեծերին:
<<Մենք հաճախակի նաև ցերեկույթներ, խնջույքներ ենք կազմակերպում՝ միմյանց լավ ճանաչելու, ավելի մոտիկից շփվելու մեր հայրենակիցների հետ. և , ի վերջո, երիտասարդները պետք է նաև լիցքաթափվեն առօրյայից, պարեն , երգեն , ուրախանան: Այդ միջոցառումների ժամանակ է ,որ խոսում ենք Հայաստանի իրադարձությունների մասին, որոշումներ կայացնում: Նման մի որոշման արդյունք էր մեր այցելությունը Հայաստան ապրիլյան օրերին, երբ Արցախի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծեցին +արարողություններին՝ ջահերով երթին մասնակցեցինք ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 24–ին ծաղիկներ դրեցինք անմար կրակի մոտ: Մենք վաղուց էինք նախապատրաստվել, որոշում կայացրել ,որ Հայոց եղեռնի 101-րդ տարելիցին լինենք Երևանում, և դա ստացվեց: Կարծում եմ,որ մեր այցելությունները շարունակական են լինելու, որովհետև դեռ շատ երիտասարդներ կան , ովքեր չեն տեսել Հայաստանը>>,-ասում է Սոնան ու հավելում, որ աշխարհով մեկ սփռված հայորդիները մի մեծ ընտանիք պետք է դառնան, համագործակցեն, քանի որ ապագան երիտասարդների ձեռքերում է:
Կարինե Ավագյան