Դասախոսություն Սփյուռքի նախարարությունում՝«Հայազգի զորավարները, մարշալները» թեմայով

Մայիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Սարդարապատի հերոսամարտի և առաջին հանրապետության ականավոր գործիչների մեծարման օրեր» ծրագրի շրջանակում պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցը հանդես եկավ հայազգի զորավարների, մարշալների մասին դասախոսությամբ:

Հայ ժողովրդի համար հաղթանակ խորհրդանշող ամսին՝ մայիսին կազմակերպված դասախոսությանը մասնակցեցին սփյուռքահայ մտավորականներ, ուսանողներ և նախարարության աշխատակիցներ:

Տիգրան Պետրոսյանցը խոսեց համաշխարհային երկու պատերազմներում հայազգի գեներալների, մարշալների դերի մասին: «Տարիներ շարունակ իմ խնդիրն եմ համարել հայոց պատմության ընթացքում աչքի ընկած հայազգի հերոսներին գտնելն ու հասարակությանը ներկայացնելը: Եվ վերջապես 2002թ. Հայկ Խաչատրյանի հետ տպագրեցինք մեր առաջին «Հայկազունք» աշխատությունը, որտեղ ներկայացրինք ազգությամբ հայ 406 գեներալների»:

Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նաև Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում հայերի ինքնակազմակերպման պատմությունը և այդ հաղթանակներում զինվորական բարձրագույն կոչումներ ունեցող հայերի ներդրումը:

Այնուհետև բանախոսն անդրադարձավ Հայաստանի 3-րդ Հանրապետության ժամանակաշրջանում, Արցախյան ազատամարտի ընթացում իրենց մեծ ներդրումը բերած բարձրաստիճան զինվորականներին: «Միքայել Հարությունյան, Նորատ Տեր-Գրիգորյանց, Մուրադ Սարգսյան, Կոմանդոս և այլք. նրանք կանգնած են մեր հաղթանակների և բանակի ձևավորման ակունքներում», – նշեց Տիգրան Պետրոսյանցը:

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Պետրոսյանցին ուշագրավ փաստերով հագեցած դասախոսության համար՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Դուք ներկայացրիք հայ գեներալների ու մարշալների 3 սերնդի պատմությունը: Այսօրվա սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, դաստիարակվի նրանց օրինակով, իմանա սեփական ժողովրդի ռազմական պատմությունն ու հպարտանա  նրանով»:

img_5011img_5024 img_5029img_4998

Scroll Up