«Պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ». Լևոն Արամյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքի ցուցահանդես-վաճառքի ընթացքում բոլոր ցուցասեղաններից  առանձնանում էր մի տաղավար, Երկիր-մոլորակ հիշեցնող  մի գնդաձև վրան, որի շուրջ խմբված երեխաների աղմուկն ակամայից գրավում էր բոլորի ուշադրությունը: Այդ  յուրօրինակ «մոլորակի»  հեղինակի՝ Լևոն Արամյանի հետ էլ  զրուցեցի «Հայերն այսօր»- ի համար:

-Լևո՛ն, ի՞նչ է ներկայացնում իրենից  երեխաների գլխին դրվող  այդ տարօրինակ ակնոցը  և Ձեր այս «մոլորակը»,  որի շուրջ  խմբված շատ մարդիկ և առավելապես՝ երեխաներ կան:

– Ես  մասնագիտությամբ աստղաֆիզիկոս եմ, սակայն, տարբեր գաղափարներ ունենալով, ընդլայնել եմ գործունեությանս սահմաններն ու այսպիսի մի հետաքրքիր կրթական դաշտ եմ ստեղծել, որն, ինչպես տեսնում եք, նրանց անչափ շատ է հետաքրքրել: Այս համակարգը կրթությունը նրանց համար շատ հետաքրքիր ու տեսանելի է դարձրել: Օրինակ՝ այս ակնոցը վիրտուալ իրականության սարքավորում է, որը, դնելով աչքերին, երեխաները հայտնվում են այն միջավայրում, որի թեմաներով  իրենք սովորում են: Հիմա թեման աստղագիտությունն է, և նրանք այս պահին հայտնվել են տիեզերքում: Երեխաների ակտիվությունից, աղմուկից ու  պահվածքից, արձագանքից կարելի է հասկանալ, թե նրանք ինչ են զգում:

-Միայն այս  տարբերա՞կն  ունեք…իսկ ի՞նչ է կատարվում գնդաձև վրանի ներսում:

-Մենք ունենք երկու տարբերակ՝ մեկն  ակնոցով, մյուսը՝ կինոթատրոնի տարբերակն է, որը Ձեր ասած գնդաձև վրանի ներսում է, ուր կարող է մտնել մի ամբողջ դասարան և այնտեղ անցկացնել դասը, տվյալ կրթական ծրագիրը:

-Արա՛մ, միայնա՞կ եք իրականացրել այս ծրագիրը. որքա՞ն է տևել գաղափարն իրականության վերածելու ընթացքը:

-Բնականաբար, միայնակ չեմ եղել: Այս նախագիծն իրականություն դարձնելու աշխատանքներում ներգրավված են  տարբեր մասնագետներ՝ մանկավարժներ, հոգեբաններ, դիզայներներ, ճարտարագետներ, անիմտաորներ, ծրագրավորողներ…Այսպիսի աշխատանքը միայնակ հնարավոր չէ իրականացնել: Գաղափարից մինչև առաջին ֆիլմի ցուցադրությունը տևել է մեկ տարի:  Մենք ամբողջական ֆինանսական աջակցություն ենք ստանում TSD-ից, որը հայտնի է հայկական առաջին պլանշետների ու սմարթֆոնների արտադրությամբ:

-Քանի՞ ցուցահանդեսի եք մասնակցել,  ո՞ր երկրներում,  ովքե՞ր են Ձեզ ճանաչում:

-Նախկինում մասնակցել ենք մի քանի էքսպոների, մեզ ճանաչում են նաև Հայաստանից դուրս՝ Միացյալ Նահանգներում. անցյալ տարի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից մեր այս նախագիծն աշխարհի 135 երկրների 1100  հայտատուներից համարվել է 15  լավագույններից  մեկը: Գնալով՝ ավելի շատ բան ունենք ցուցադրելու:

-Միայն փոքրե՞րն են հետաքրքրված:

-Ոչ, հետաքրքրված են տարիքային տարբեր խմբեր: Մենք ֆիլմեր ենք պատրաստում տարբեր տարիքի մարդկանց համար: Փոքրերի համար պատրաստում ենք մուլտային տարբերակով: Ասեմ Ձեզ, որ հետաքրքրված են անգամ աստղաֆիզիկոսները, աստղագետները: Ժամանակը նորագույն տեխնոլոգիաներինն է. պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ:

Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up