Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրականագետ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանին

Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրականագետ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարն իր գոհունակությունն արտահայտեց սփյուռքահայ գործչի կողմից իրականացվող արգասաբեր գործունեության վերաբերյալ, և ասաց. «Հերթական անգամ շնորհավորում եմ այս հրաշալի նախաձեռնության՝ հայ գրողների պատմվածքների եռահատոր ժողովածուի հրատարակման  առթիվ: Ուրախ եմ, որ դարձյալ հայրենիքում և դարձյալ Իսահակայանի անվան գրադարանում է կայանալու ժողովածուի և Ձեր հովանավորությամբ հրատարակված կիպրահայ Ավետիս Ռազմիկի հրապարակագրության շնորհանդեսը: Կարծում եմ՝ պատմվածքների նման հետաքրքիր ընտրանիի հրատարակությունը չափազանց կարևոր է: Վստահ եմ, որ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում շուտով կստեղծվի Հովսեփ Նալբանդյանի անկյունը, որտեղ կամփոփվեն Ձեր բոլոր գործերը»:

Հովսեփ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց հայապահպանությանը նպաստող ծրագրերն ու նախաձեռնությունները և այդ նպատակով Սփյուռքի նախարարության շուրջ համախմբումը: Նա իր պատրաստակամությունը հայտնեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կրթական խնդիրներին, հայապահպանությանն առնչվող  նիստի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:

Նախարարը առանձնակի կարևորեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ձևավորված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակում Հովսեփ Նալբանդյանի նոր նախաձեռնությունը. Արցախի 3 բուհերում սփյուռքահայ գրականության, մշակույթի, կրթական խնդիրների վերաբերյալ կարդալու է դասախոսություններ:

Ամերիկահայ գործիչը խոստացավ իր կողմից հրատարակած յուրաքանչյուր գրքից որոշակի քանակություն նվիրել Սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային  դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին տրամադրելու համար:

Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Scroll Up