Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումներ Վալենսիայում

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Վալենսիայի Միսլատա քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչումներ, որին ներկա էին հայեր, իսպանացիներ և այլազգի ներկայացուցիչներ Միսլատայից, Վալենսիայից, Կարկախենտից, Կույերայից, Սիյայից, Մանիսեսից, Ալզիրայից և այլ քաղաքներից:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից, ավելի քան 200 ներկաները հավաքվեել էին Միսլատայում տեղակայված «Կենաց խաչ» հուշարձանի մոտ՝ շուրջկալված 50 մետրանոց Եռագույնով, որտեղ, նախքան խնկարկումն ու մոմավառությունը, ելույթներով հանդես եկան Արարատ Ղուկասյանը, Նելլի Աբովյանը, Գայանե Ղազարյանը, Վանիկ Ավետիսյանը և Սանդրա Մարտինեսը: Ներկաները մեծագույն ոգևորությամբ լսեցին փոքրիկ Խաչիկի ասմունքները, իսկ ահա երիտասարդ երգիչ Էդգար Մարտիրոսյանը հանդես եկավ հայրենասիրական երգերով:
Իր խոսքում Արարատ Ղուկասյանը նշեց, որ շուտով Իսպանիայի ևս երկու քաղաք կհամալրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը:
Ցեղասպանության տարելիցի միջոցառւոմերը եզրափակվեցին Միսլատայի Մշակույթի տանը, որտեղ Կոմիտասի, Ազնավուրի, Դեքքերի, Արա Գևորգյանի և այլոց հանրահայտ ստեղծագործությունները կատարեցին երգիչներ Էդգար Աբրամյանը, Աննա Ասոյանը և Էդգար Մարտիրոսյանը՝ նվագակցությամբ ուկրաինացի դաշնակահարներ Ալինա Սախնենկոյի ու Միկոլա Դորոշի և ջութակահարուհի Սվետլանա Կրիսանովայի: