Մեկնարկում է ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համերգարշավը
«Հայերն այսօր»-ը տեղեկացրել էր, որ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղը միացել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը: Եվ արդեն մայիսի 4-ին Բուենոս Այրեսում մեկնարկելու է Արցախի հիմնախնդիրների լուծմանն օժանդակելու համերգարշավը, որն իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության՝ 2017 թվականը Արցախի տարի հռչակելու կոչին հետևելով:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ համերգին երաժշտական կատարումներով հանդես են գալու «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը և արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:
ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի կողմից համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը:
Հավելենք, որ նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակն է նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելը, տեղի են ունենալու Արգենտինայի մի շարք քաղաքներում, նաև՝ Բրազիլիայում:
Հարավային Ամերիկայում կազմակերպվող միջոցառումները կամփոփվեն Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին: