Հայրենադարձություն, որ սկսվում է լեզվից. Ալեքս Վարդան
Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել
Ալեքս Վարդանը ծնվել է Չիկագոյում: Նրա ամբողջական անունն է Ալեքսանդր Վարդան Պլատո Քաշիան Գաբինս: Նրա հայրն ամերիկացի է, մայրը` հայ, որի նախնիները Արևմտյան Հայաստանից գաղթել են Ցեղասպանության հետևանքով: 1919 թվականին Ալեքսի մորական պապն ու նրա եղբայրը իրենց մոր` Հրանուշ Խաշխաշյանի հետ հաստատվել են ԱՄՆ-ում: Մայրն է նրան Վարդան անվանակոչել:
Ալեքսը մի քանի ամիս առաջ իր ամերիկացի կնոջ հետ տեղափոխվել է Հայաստան, և չնայած լեզվական խոչընդոտը դեռ հաղթահարված չէ, երիտասարդ զույգն ամեն կերպ փորձում է մերվել հայկական կյանքին: Ալեքսը հայերեն է սովորում: Դեռ լրիվ չի տիրապետում, բայց արդեն հասկանում է և փորձում է խոսել:
Առաջին հայացքից նա տեղացիներից տարբերվում է իր արևմտյան ոճով, սակայն դիմագծերը, աչքերը, քիթը տիպիկ հայկական են: Պատմում է, որ Չիկագոյում մայրը կապված էր հայ համայնքի հետ և իրենց էլ հայկական եկեղեցի էր տանում, որն իր մորական պապի հանգանակությամբ է կառուցվել: Ասում է, որ միշտ էլ ցանկացել է գալ Հայաստան, սակայն չի ստացվել: «Մենք տանը հաճախ էինք խոսում Հայոց ցեղաասպանության մասին: Մայրս ուզում էր, որ ես հիշեմ իր տոհմի անունները, իր ընտանիքը: Նա խոսում էր այդ ամենի մասին, իսկ ես գրառումներ էի անում, որ հիշեմ: Բայց Հայաստանի մասին ոչինչ չգիտեի»,- խոստովանում է նա:
Ալեքսը բանաստեղծ-թարգմանիչ է: Միացյալ Նահանգներում ավարտել է Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանը` ուսումնասիրելով աֆրիկյան լեզուներ ու գրականություն: Այդ ընթացքում սովորել է նաև արաբերեն ու նիգերերեն: Այնուհետև ուսանել է գեղարվեստ և պոեզիա Միչիգանի Հյուսիսային համալսարանում:
2014 թվականին Ալեքսն ամուսնացել է և կնոջ` Էմիլիի հետ 2 տարով տեղափոխվել Քաթար աշխատելու: 2015 թվականին կնոջ հետ առաջին անգամ 10 օրով եկել է Հայաստան:
Ամառ էր, հիանալի եղանակ: Ալեքսն ու կինը շրջում էին ոչ միայն Երևանում, այլև այցելում բազմաթիվ տեսարժան վայրեր Երևանից դուրս: Ալեքսը մինչ օրս տպավորված է Քարահունջով: Խոստովանում է, որ մինչ այդ որևէ բան չգիտեր Քարահունջի մասին, բայց այստեղ հետաքրքրվել ու իմացել է, որ այն աշխարհի ամենահին սթոունհենջն է, անգամ ավելի հին, քան անգլիականը: Ակնարկում եմ, որ այդ վարկածը աշխարհը դեռ չի ընդունում: Ալեքսը միանգամից անցնում է հայերենի ու մի քանի անգամ վարժ կրկնում. «Ամո՛թ է, ամո՛թ է»:
Ինչպիսի՞ն էին առաջին տպավորությունները Հայաստանից: «Հոյակապ,- ասում է Ալեքսը,- և մինչ օրս էլ մնում են հոյակապ»:
Այդ շրջագայությունից հետո նրանք վերադառնում են Քաթար, բայց արդեն համոզված, որ կրկին վերադառնալու են Հայաստան: «Մենք ասում էինք` օ˜, սա ապշեցուցիչ վայր է»:
2016 թ. նոյեմբերից Ալեքսն ու Էմիլին կրկին Հայաստանում են, բայց արդեն` կամավորական ծրագրով: Նրանք նաև անգլերեն են դասավանդում «Այբ» կրթահամալիրում: Ծրագրի ավարտին շատ կարճ ժամանակ է մնացել, բայց երիտասարդ զույգը որոշել է 1-2 ամսով մեկնել Միացյալ Նահանգներ, տեսակցել ծնողներին, որոնց վաղուց չեն տեսել, ու կրկին վերադառնալ Հայաստան: Նրանք հույս ունեն այստեղ համապատասխան աշխատանք գտնել ու հաստատվել: Ալեքսի խոսքով` հայրենադարձ զույգերը, հատկապես նրանք, ովքեր երեխաներ ունեն, իրենց ասում են` Հայաստանը հոյակապ երկիր է երեխաների համար: «Այստեղ մարդիկ պատրաստ են քեզ օգնել, ցանկացած իրավիճակում դու քեզ ավելի հարմարավետ ես զգում, քան Միացյալ Նահանգներում»:
Այս ամիսներին Ալեքսը ջանասիրաբար հայերեն է պարապում: Խոստովանում է, որ հայերենը շատ դժվար լեզու է, բայց ինքը ջանք չի խնայում: Անգլերեն զրույցի ընթացքում էլ առիթը բաց չի թողնում, թեկուզ դժվարությամբ, բայց հայերեն է արտահայտվում, նոթատետրում նշումներ է անում, ավելացնում նոր հայերեն բառեր:
Ի դեպ, ի տարբերություն շատ հայրենադարձների, որոնք նախընտրում են ապրել Երևանի կենտրոնում, Ալեքսն ու կինը բնակարան են վարձել Զեյթունում, իսկ կենտրոն հասնում են սովորական երթուղային տրանսպորտով. «Երևանում շատ լավ է տրանսպորտ` բասիզ (buses), մարշրուտկա, մետրո: Ինձ դուր է գալիս Երևան»,- հայերեն խոստովանում է Ալեքսը:
Երիտասադ զույգին Հայաստանում գրավում է նաև հայկական խոհանոցը և բնական սնունդը, ինչի պակասն այնքան զգացվել է ԱՄՆ-ում: «Սնունդն այստեղ շատ լավն է, ամեն ինչ օրգանական է, մաքուր: Երբ ես, օրինակ, համտեսում եմ միսը, գիտեմ` այն քիմիկա՞տ է, թե՞ ոչ: Միացյալ Նահանգներում օրգանական սնունդ կա, բայց շատ թանկ է»:
Երբ խնդրում եմ թվարկել իրենց համտեսած հայկական կերակուրները, առաջին շարքում Ալեքսը նշում է նաև խաշը և շատ անսպասելի` քյալլան: Պատմում է, որ քյալլա կերել են Գյումրիում: Երբ իմանում է, որ երբևէ չեմ կերել, զարմանում է և խորհուրդ է տալիս անպայման փորձել, ապա նկարագրում է, թե ինչ համեղ է հատկապես ուղեղը: Բայց Ալեքսը տպավորված է ոչ միայն քյալլայի համով, այլև համտեսի արարողությամբ, երբ ռեստորանում մատուցում են յուրահատուկ ուտեստը ու ներկայացնում դրա ստեղծման պատմությունը:
Ի դեպ, Ալեքսը արժևորում է ոչ միայն հայկական համեղ ու բնական սնունդը, այլև սնվելու մշակույթը, երբ մարդիկ հավաքվում են, միասին հաց կիսում, և դա զուտ ֆիզիկական պահանջի բավարարում չէ, այլ մարդկային շփում ու հաճելի ժամանց: Մինչդեռ, ասում է, Ամերիկայում մարդիկ ժամանակ չունեն երկար-բարակ նստելու, նրանք արագ-արագ ինչ-որ բան են ծամում, քաղցը հագեցնում ու կրկին վազում աշխատանքի:
Ալեքսի կինը նույնպես տպավորված է Հայաստանով, և Ալեքսը կարծում է, որ իր կինը գուցե շատ ավելի է կապվել Հայաստանին, քան ինքը. «Նա այստեղ արդեն ընկերներ ունի, ավելի շատ, քան ես»:
Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի առավելությունները թվարկելիս Ալեքսը նշում է, որ մարդիկ այստեղ իսկապես ապրում են, վայելում կյանքը, մինչդեռ Միացյալ Նահանգներում, վազքի մեջ ընկած, չեն հասցնում ապրել: «Հայաստանում մարդիկ աշխատում են, որ ապրեն, ԱՄՆ-ում ապրում են, որ աշխատեն: Սա է տարբերությունը»,- ասում է նա:
Հայաստանի մասին նա նաև ասում է. «Ցանկացած պահի, երբ ոտքդ դռնից դուրս դնես, միևնույն է` շրջապատված ես մայրերով ու եղբայրներով, անգամ եթե նախկինում նրանց երբևէ չես ճանաչել…»:
Անի Գասպարյան
Աղբյուրը՝ Ankakh.com