Միջոցառում «Արմատ» Դպրոցում

Հարավային Ռուսատանի Հայոց թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում գործում են բազմաթիվ մշակութային խմբակներ և «Արմատ» լրացուցիչ կրթության հայկական դպրոցը։ Արդեն երկու տարի է, ինչ այստեղ տեղակայվել և հաջողությամբ զարգանում են հայ ժողովրդական պարի «Նարեկ» համույթը, Քրիստինա Խալաթովայի էստրադային-ջազային երգի ստուդիան, «Հայք» մեդիապորտալը, «Վախթանգով» թատերական ստուդիան, «Կոմիտաս» մանկական երգչախումբը։ Կենտրոնի ընդհանուր այցելուների թիվը տատանվում է 400-ի շուրջ։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Երազիկ Հարությունյանը, աշխատանքային առօրյան ավելի հետաքիրքիր և բազմաշերտ է դառնում, երբ երբեմն-երբեմն ընդմիջվում է տոնական տրամադրությամբ։ «Վարդանյան» կենտրոնի ուսուցիչները և կազմակերպիչները ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում են ինքնամոռաց նվիրումով, աշակերտներին հաղորդում այնպիսի կարևոր գիտելիքներ և հմտություններ, որոնք ոչ մի այլ կրթօջախում նրանք չեն ստանա։ Եվ այն օրը, երբ նրանց՝ սովորաբար դասասենյակներում և աշխատասենյակներում պարփակված աշխատանքը  բարձրանում է բեմ, ներկայացվում ծնողների և դպրոցի բարեկամների դատին, նրանք աշակերտներից ավելի շատ են հուզվում և շփոթվում, լցվում պատասխանատվության և ինքնարտահայտման հնարավորությունների բերկրանքի խառը զգացմունքներով։

Տարբեր քաջալերիչ անվանակարգերով հանրագումարային միջոցառումը անցավ հուզաթաթավ, ջերմ և պարտավորեցնող մթնոլորտում։ Յոթ հետաքրքիր անվանակարգերում պարգևատրվեցին 10 լավագույնները, որոնք ստացան «Արմատ» դպրոցի պատվոգրեր և հատուկ պատկերանշանով շոկոլադներ։ Առանձնացան ամենանվիրված ընտանիքն ու ծնողը, ամենապարտաճանաչ աշակերտն ու ուսանողը, ամենաշնորհալի ռեժիսորն ու ուսուցիչը…

Կենտրոնի բարեկամների և օգնականների շարքերը այնքան ստվար էին, որ  նրանց պարգևատրության ընթացքում բեմը վերածվել էր իսկական շքերթի։  Եվ այս ամենը ընդմիջվում էր դպրոցի ստեղծագործական դասարանների պատրաստած հրաշալի գեղարվեստական համարներով։ Հանդիսատեսը հիացած էր և «Չարի վերջը» ու «Արվեստն ասելիք ունի» բեմականացումներով և «Քրիստինա Խալաթովա» ստուդիայի ու «Կոմիտաս» երգչախմբի շնորհալի երգերով   և  «Նարեկ» համույթի պարերով ու «Մեծ Մհեր» դասարանի ասմունքով և թե՝ հիանալի հեղինակային տեսանյութերով, որոնք մեկընդմեջ սփռվում էին էկրանից։

Տոնը կայացել էր, բոլոր պարգևատրվածները և չպարգևատրվածները շնորհավորում էին միմյանց, բոլոր աշակերտներն ու ծնողները երջանիկ էին՝ նոր հաջողությունների սպասումով։

%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf1 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf2%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf3 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf4%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf5 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf7%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf8 %d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%bf9

 

Scroll Up