Միջոցառում «Արմատ» Դպրոցում
Հարավային Ռուսատանի Հայոց թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում գործում են բազմաթիվ մշակութային խմբակներ և «Արմատ» լրացուցիչ կրթության հայկական դպրոցը։ Արդեն երկու տարի է, ինչ այստեղ տեղակայվել և հաջողությամբ զարգանում են հայ ժողովրդական պարի «Նարեկ» համույթը, Քրիստինա Խալաթովայի էստրադային-ջազային երգի ստուդիան, «Հայք» մեդիապորտալը, «Վախթանգով» թատերական ստուդիան, «Կոմիտաս» մանկական երգչախումբը։ Կենտրոնի ընդհանուր այցելուների թիվը տատանվում է 400-ի շուրջ։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Երազիկ Հարությունյանը, աշխատանքային առօրյան ավելի հետաքիրքիր և բազմաշերտ է դառնում, երբ երբեմն-երբեմն ընդմիջվում է տոնական տրամադրությամբ։ «Վարդանյան» կենտրոնի ուսուցիչները և կազմակերպիչները ողջ ուսումնական տարվա ընթացքում աշխատում են ինքնամոռաց նվիրումով, աշակերտներին հաղորդում այնպիսի կարևոր գիտելիքներ և հմտություններ, որոնք ոչ մի այլ կրթօջախում նրանք չեն ստանա։ Եվ այն օրը, երբ նրանց՝ սովորաբար դասասենյակներում և աշխատասենյակներում պարփակված աշխատանքը բարձրանում է բեմ, ներկայացվում ծնողների և դպրոցի բարեկամների դատին, նրանք աշակերտներից ավելի շատ են հուզվում և շփոթվում, լցվում պատասխանատվության և ինքնարտահայտման հնարավորությունների բերկրանքի խառը զգացմունքներով։
Տարբեր քաջալերիչ անվանակարգերով հանրագումարային միջոցառումը անցավ հուզաթաթավ, ջերմ և պարտավորեցնող մթնոլորտում։ Յոթ հետաքրքիր անվանակարգերում պարգևատրվեցին 10 լավագույնները, որոնք ստացան «Արմատ» դպրոցի պատվոգրեր և հատուկ պատկերանշանով շոկոլադներ։ Առանձնացան ամենանվիրված ընտանիքն ու ծնողը, ամենապարտաճանաչ աշակերտն ու ուսանողը, ամենաշնորհալի ռեժիսորն ու ուսուցիչը…
Կենտրոնի բարեկամների և օգնականների շարքերը այնքան ստվար էին, որ նրանց պարգևատրության ընթացքում բեմը վերածվել էր իսկական շքերթի։ Եվ այս ամենը ընդմիջվում էր դպրոցի ստեղծագործական դասարանների պատրաստած հրաշալի գեղարվեստական համարներով։ Հանդիսատեսը հիացած էր և «Չարի վերջը» ու «Արվեստն ասելիք ունի» բեմականացումներով և «Քրիստինա Խալաթովա» ստուդիայի ու «Կոմիտաս» երգչախմբի շնորհալի երգերով և «Նարեկ» համույթի պարերով ու «Մեծ Մհեր» դասարանի ասմունքով և թե՝ հիանալի հեղինակային տեսանյութերով, որոնք մեկընդմեջ սփռվում էին էկրանից։
Տոնը կայացել էր, բոլոր պարգևատրվածները և չպարգևատրվածները շնորհավորում էին միմյանց, բոլոր աշակերտներն ու ծնողները երջանիկ էին՝ նոր հաջողությունների սպասումով։