Կորցնելով Մայրենին՝ մենք կտրում ենք մեր արյան կանչի հետ կապող զարկերակը

Փետրվարի 21-ը Մայրենիի օրն է, տոն, որը հարազատ է մեզանից յուրաքանչյուրին: Մայրենիի հնչյուններով ենք մենք ապրում ու արարում, ժպտում ու տխրում: Ինչո՞ւ ոչ, հաճախ նաև՝ արտասվում, երբ այնքան հարազատ Մայրենիի հնչյուններն ու բառերը անծանոթ են լինում մեր ականջներին, բայց ոչ երբեք՝ մեր հոգուն, քանզի Մայրենին սոսկ միջոց չէ հաղորդակցության, այն թարգմանն է մեր հույզերի, մտքերի ու գործերի, մեր նախնիներից ժառանգած ամենամեծ ու թանկ հարստությունն ու հպարտությունը, որի արժեքն ու խորհուրդը պետք է գիտակցի յուրաքանչյուր հայ:

Թե´ հայրենիքում և թե´ Սփյուռքում Մայրենին այն հենքն է, որի վրա խարսխվում է մեր ինքնությունը, անցյալն ու ներկան, մեր Ես-ն ու ապագան, հպարտ, արժանապատիվ, սեփական հողին ու ժողովրդին կառչած սերունդ դաստիարակելու ամենաարդյունավետ բանալին, այն ամենակարևորը, ինչը մեզ Հայրենիք ու սեփական լեզու չունեցող ժողովուրդներից առանձնահատուկ է դարձնում, հպարտ ու տարբերվող:

Մայրենիի պահպանությունն այսօր, քան երբևէ պետք է լինի յուրաքանչյուրիս մտահոգության առարկան ու ամենօրյա աշխատանքը: Կորցնելով մեր լեզուն՝ մենք կտրում ենք այն զարկերակը, որը մեզ կապում է մեր Ես-ի, մեր տեսակի, մեր արյան կանչի հետ: Ինչպես Աղայանն է ասում. «Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրե´լ, պաշտե´լ, գգվե´լ հարազատ մոր հարազատ լեզուն», որի առաջ, ինչպես ասել է մեր մեծերից մեկ ուրիշը, տկար են եղել միլիոնավոր բարբարոսների սվինները:

Շնորհավորելով յուրաքանչյուրիս այս գեղեցիկ տոնի առիթով՝ մաղթանքս է, որ սիրենք ու փայփայենք մեր լեզուն ամեն օր և ամենուր՝ Հայրենիքում և Սփյուռքում, որպեսզի այն դառնա մեր մանուկների շուրթերից լսվող ամենամաքուր աղոթքն ու մեր գալիք օրերի հավերժական ուղեկիցը:

«Հայո´ց լեզու, դու մեր անկողոպտելի գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց Դո´ւ մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանիով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»:

Հիշելով Նալբանդյանին՝ փորձենք այսօր այլևս չկտրել այդ «թևերը», երբ ունենք Հայրենիք, որտեղ ինչպես ազատ թռչուն, ճախրում է մեր Մայրենին ու ալիքվում դեպի Սփյուռք:

Հպարտ լինենք Մայրենիով, խոսե´նք ու աղոթենք հայերեն, չէ՞ որ անգամ օտարն է ասել. «Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:

Լուսինե Աբրահամյան

 

Scroll Up