«Մայրենին ազգային-պետական բարձրագույն արժեք է».Հրանուշ Հակոբյան
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ փետրվարի 20-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահական նիստերի դահլիճում կայացած «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» հանրապետական կլոր սեղան–քննարկման ժամանակ հնչեցրած ողջույնի խոսքը.
«Լեզուն, լինելով հասարակական երևույթ, մշտապես ենթակա է զարգացման ու փոփոխության. հասարակության առջև ծառացած մարտահրավերները իրենց արտահայտությունն են ունենում նաև լեզվի գործառույթներում: Մայրենի լեզուն ազգային-պետական բարձրագույն արժեք է, որը կարիք ունի թե՛ պետական, թե՛ հասարակական, ընդհանրապես՝ համազգային մշտական հոգացողության: Ինչպես տարբեր են լեզվի դրսևորումները (բարբառներ, խոսակցական լեզու, գրական լեզու), այնպես էլ տարբեր են այդ դրսևորումների խնդիրները: Բարբառների պարագայում կարևորագույն խնդիր է դրանց վերաբերյալ ճիշտ պատկերացումների ձևավորումը, եղած նշխարների հավաքումն ու արձանագրումը, կենդանի բարբառների պահպանումն ու հետազոտումը: Խոսակցական հայերենի խնդիրներից է՝ այն աղճատումներից, ավելորդ օտարաբանություններից ու ժարգոնից զերծ պահելը: Գրական տարբերակի խնդիրները ավելի բազմազան են՝ կանոնարկում, խոսակցական ու բարբառային անհարկի տարրերի, ժարգոնի, օտարաբանությունների բացառում, նոր բառերի, տերմինների ստեղծում, ոճական հնարավորությունների ընդլայնում և այլն: Առանձնահատուկ կարևորություն ունեն արևմտահայերենի պահպանության ու զարգացման խնդիրները: Բոլոր այս խնդիրների ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ աշխատանքները կարող են ապահովել լեզվական մշակույթի պատշաճ մակարդակ, որի դեպքում, մեր պատկերացմամբ, լեզվի յուրաքանչյուր տարբերակ գործառում է իր ոլորտում, գրական լեզուն լայնորեն կատարում է պաշտոնական լեզվի իր գործառույթները և մնում է անաղարտ, իսկ խոսակցական լեզուն զերծ է սխալներից, ավելորդաբանություններից ու գռեհկաբանություններից:
Ինչ խոսք, մտավորականության լայն շրջանակները և հատկապես լեզվաբանները մշտապես արծարծում են լեզվամշակույթի առկա խնդիրները, հայտնում իրենց մտահոգությունը, անում առաջարկներ: Սակայն գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս նկատվում է լեզվամշակույթի մակարդակի ահագնացող անկում, որը հատկապես նկատվում է խոսակցական լեզվում և այնտեղից անարգել ներթափանցում գրական լեզու՝ խաթարելով վերջինիս կանոնականությունը և անաղարտությունը: Հասկանալի է՝ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով, հարկավոր է վեր հանել խնդիրները և գտնել անհրաժեշտ լուծումներ: Սակայն, կարծում եմ, առանձնահատուկ պետք է անդրադառնալ դպրոցում մայրենիի դասավանդման վիճակին, դասագրքերի լեզվի որակին: Պարզ է, որ երեխան նախ յուրացնում է շրջապատի խոսակցական լեզուն, բայց նրա լեզվական ունակությունները, գրական լեզվին տիրապետումը նախ և առաջ ձևավորվում են դպրոցական կրթության արդյունքում: Եվ որքան արդյունավետ ուսուցանվի մայրենի լեզուն, այնքան բարձր կլինի լեզվամշակույթի մակարդակը: Ընդ որում՝ դպրոցական կրթությունը լեզվական անհրաժեշտ մշակույթ պետք է ձևավորի ոչ միայն լեզվական առարկաների, քերականական իրողությունների ուսուցմամբ, այլ նաև բոլոր դասընթացներին վերաբերող գիտելիքների՝ լեզվական առումով անաղարտ, հասկանալի ու ճշգրիտ մատուցմամբ: Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ լեզվամշակույթի այսօրվա վիճակը մեծ չափով ուղղակիորեն պայմանավորված է դպրոցական կրթության յուրահատկություններով, հատկապես՝ դասագրքերում մայրենի լեզվի դրսևորման որակով:
Ուրեմն, հարկավոր է նախ և առաջ քննարկման նյութ դարձնել երկու հարց.
- Արդյո՞ք դասագրքերը գիտելիքը մատուցում են պարզ, հասկանալի և կանոնավոր հայոց լեզվով,
- Որքանո՞վ են դպրոցական դասագրքերը նպաստում սովորողների լեզվական համակողմանի ունակությունների ու կարողությունների, գրական լեզուն անկաշկանդ ու արտահայտիչ կիրառելու հմտությունների ձևավորմանը:
Բնականաբար, դպրոցական կրթության կազմակերպումը, ծրագրերի, թեմաների, դասավանդման մեթոդների ընտրությունը խնդիրներ են, որոնցով մշտապես զբաղվում են Կրթության և գիտության նախարարության մեր գործընկերները: Սակայն լեզվական խնդիրների արծարծումը մասնագիտական համակողմանի մոտեցումներ է պահանջում, ուստի ողջունելի է ԳԱԱ լեզվի ինստիտուտի նախաձեռնությունը՝ Սփյուռքի նախարարության հռչակած՝ մայրենիին նվիրված շաբաթվա միջոցառումների շարքը սկսելու դպրոցական դասագրքերի լեզվական որակի քննարկումներով: Վստահ եմ՝ այս կլոր սեղան-քննարկումն իր նպաստը կբերի առկա խնդիրների լուծմանը»: