Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Անթիլիաս

Մարտի 12-ին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետ Կ. Կարապետյանի գլխավորած պատվիրակության կազմում ներկա է գտնվել Հայաստանի և Լիբանանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպմանը, որի ընթացքում երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:

Այնուհետև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Անթիլիաս, հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ պատվիրակության անդամները Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետև՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկա է գտնվել նաև համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցուպատասխանին, որում մասնավորապես քննարկվել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Scroll Up