«Սիրիա առաքվող մարդասիրական օգնության կարևորությունը ոչ այնքան նյութական է, որքան՝ բարոյական».Հրանուշ Հակոբյան
Հայաստանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է առաքել Սիրիա: Հագուստով, քնապարկերով, սննդամթերքով և բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրէջ է կատարել Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող Հմեյմիմ ավիաբազայում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ Սիրիա է առաքվել շուրջ 20 տոննա բեռ: «Բեռը տեղափոխվելու է Լաթաքիայի ռուսական ավիաբազա, որտեղից էլ մեքենաներով կտեղափոխվի Հալեպ` ռուսական զինվորական շարասյան ուղեկցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ընդգծեց նախարարը:
Մարդասիրական օգնությունը հայկական համայնքի աջակցությամբ բաժանվելու է նաև սիրիացիներին: «Մարդասիրական օգնության այս խմբաքանակում ավելի շատ գերակշռում է հագուստն ու քնապարկը»,-եզրափակեց Դավիթ Տոնոյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին 4 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում և ՀՀ նախագահի հովանու ներքո 4 ինքնաթիռ բեռ է ուղարկվել Սիրիա:
«Սիրիա առաքվող մարդասիրական օգնության կարևորությունը ոչ այնքան նյութական է, որքան` բարոյական:Մեր հայրենակիցներն այնտեղ շատ վստահ և ուրախ են զգում, որ հայրենիքը իրենց կողքին է: Այս տարիների ընթացքում այնտեղ գործում է շտապ օգնություն կառույցը մեր հոգևոր թեմերի ղեկավարությամբ, որը ոչ միայն բեռներն է ընդունում, տեղավորում, բաժանում հայերին և սիրիացիներին, այլ նաև կազմակերպված ձևով լուծումներ է գտնում Սիրիայի տարբեր վայրերում առաջացած խնդիրներին»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Նա նաև հայտնեց, որ Կրասնոդարի հայկական համայնքը ալյուր է ուղարկել Հալեպ, որտեղ հայերը փռերում հաց են թխել և «հայկական հաց» անվան տակ բաժանել են սիրիացիներին: «Այսինքն, մենք նաև այս եղանակով մեր ջերմությունն ու աջակցությունն ենք փոխանցել Սիրիայի բարեկամ ժողովրդին: Ես նրանց համբերություն եմ մաղթում և օր առաջ խաղաղություն»,-եզրափակեց Հրանուշ Հակոբյանը: Մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակ Հայաստանը Սիրիա էր առաքել փետրվարի 14-ին: Բեռն այդ ժամանակ հագեցած է եղել սննդամթերքով և առաջին անհրաժեշտության տարբեր իրերով:
Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի