«Քեսաբահայությունը ոգևորված է մեր ներկայությունից և այն հանգամանքից, որ ՀՀ-ն բարձրաձայնել ու հայտարարել է, որ տեր է կանգնելու իր հայրենակիցների իրավունքներին»

Քեսաբից տեղահանված քեսաբահայերից շատերը հանգրվանել է Սուրբ Աստվածածին եկեղեցում և եկեղեցու բակում գտնվող դպրոցում:

Այս մասին HayNews.amին տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նշենք, որ ԱԺ մի քանի պատգամավորներ մեկնել են Սիրիայի Քեսաբ ավանի հայության հետ հանդիպելու, նրանք այսօր կեսօրին Դամասկոսից հասել են Լաթաքիա, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Քեսաբից տեղահանված հայերը: Հիշեցնենք, որ Սիրիա մեկնել են պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։

Ֆարմանյանն ասաց. «Մենք հանդիպում ունեցանք քեսաբահայության հետ: Պետք է ասեմ, որ տպավորությունը ցնցող էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին հանդիպել էինք դասագրքերում, հայոց ցեղասպանության վերաբերյալ աղբյուրագիտական գրականությունում, որտեղ կարդում ենք Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցների հիշողությունները: Մենք հանդիպեցինք քեսաբահայերին և փոխանցեցինք մեր բոլորի ողջույնները, կարեկցանքը և հստակ ուղերձն այն մասին, որ նրանց կողքին ենք և որ Հայաստանի Հանրապետությունն ու աշխարհասփյուռ հայությունը պետք է այս իրավիճակում անեն հնարավորը սիրիահայությանը աջակցելու համար»։

«Մենք որոշակիորեն իրականացրել են փաստահավաք առաքելության գործառույթներ, ճշգրտել ամբողջական ու մասնակի տվյալներ, ինչպես նաև՝ քանի հայ ընտանիքներ կան, որ այժմ օգնության կարիք ունեն: Կարևոր է արձանագրել, որ սիրիական իշխանությունները, ովքեր ևս ներկա էին՝ Լաթաքիայի և՛ քաղաքապետը, և՛ նահանգապետը, և՛ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, իրենց կողմից վստահեցրին, որ Սիրիայի կառավարությունը հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկելու է՝ ապահովելու քեսաբահայության վերադարձը դեպի իրենց մշտական վայրեր, ինչի մասին երազում են մեր հայրենակիցները: Նրանք նաև վստահեցրին, որ հետագայում օգնելու են վերականգնելու ու վերակառուցելու կորցրածը։ Մենք նաև փոխանցեցինք մի շատ կարևոր քաղաքական ուղերձ՝ սա հայության որևէ հատվածի խնդիր չէ, այլ համայն հայության։ Քեսաբահայությունը ոգևորված է մեր ներկայությունից և այն հանգամանքից, որ ՀՀ-ն բարձրաձայնել ու հայտարարել է, որ տեր է կանգնելու իր հայրենակիցների իրավունքներին»,- նշեց նա:

Մանրամասն՝ HayNews.amում:

Scroll Up