ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված հայրենադարձների հետ

Փետրվարի 2-ին «Մեր օրերի հայրենադարձները՝ տուն դարձածները» շաբաթվա շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հաստատված բազմաթիվ հայրենադարձների հետ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Դահլիճում ներկա են Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցները աշխարհի բազմաթիվ երկրներից: Հայրենիքում ապրելու որոշմամբ դուք աշխարհին ու Հայաստանին ցույց եք տվել ձեր մարդկային բնութագիրը: Եվ մեր այս հավաքը գալիս է փաստելու, որ Հայաստան նաև վերադառնում են: Մեր երկրում մենք պարտավոր ենք պահպանել լավը, իսկ վատը՝ շտկել՝ մշտապես առաջ մղելով «Հայաստա՛նն է իմ տունը» կարգախոսը: Հայաստանում վերջին 4-5 տարիների ընթացքում հաստատվեցին նաև հազարավոր սիրիահայեր, և ես ուրախ եմ, որ իրենց հետ մեր հայրենակիցները բերեցին ապրելու, ստեղծագործելու նոր մշակույթ, նոր մոտեցումներ»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ քիչ չեն նաև այն հայորդիները, ովքեր կյանքի բերումով գտնվում են մշտական շարժման մեջ, բայց իրենց մեծ ներդրումն են բերում և շարունակում են բերել Հայրենիքի զարգացման գործին:

«Քըրք Քրքորյանի, Էդուարդո Էռնեկյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի, Վաչե Մանուկյանի, Սեմ Սիմոնյանի, Ջերալդ Գաֆեսճյանի, Վահագն Հովնանյանի, Սերգեյ Համբարձումյանի, Լևոն Հայրապետյանի, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրների, Րաֆֆի Մեգերյանի և մյուսների անունները, նրանց կատարած գործերը բոլորիս են հայտնի: Այսօր էլ բոլորիս հայտնի Գաբրիել Ջեմբերջյանը ամենուր բազում խնդիրների լուծմանն է փորձում աջակցել», – նշեց նախարարը:

Միջոցառմանը լուսապատկերներով ներկայացվեցին աշխարհի այն նշանավոր հայերի պատմությունները, որոնց ներդրումները անկախության տարիներին էական դեր են խաղացել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ներկաները դիտեցին հայրենադարձների մասին տեսանյութեր:

Իրաքից վերադարձած երկրաբան-ոսկերիչ Վարանդ Պետրոսյանը նշեց, որ ինքը վերադարձել է իր երազած երկիրը և շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանը, հայրենադարձությանը խթանող ծրագրեր իրականացնելու համար:

Սիրիահայ հայրենադարձ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն առանձնահատուկ հպարտությամբ շեշտեց, որ այս տարի լրանում է իր՝ Հայաստանում հաստատվելու 30 տարին: «Մենք մեր կամքով չէ, որ ծնվել ենք օտար հողում, բայց մեր կամքով կարող ենք հայրենադարձվել», – ասաց նա:

Իրանից վերադարձած Դիանա Հովսեփյանը իր օրինակով հավաստիացրեց, որ յուրաքանչյուր հայ պետք է գա Հայաստան և այստեղ որոշի՝ ինչ անել Հայրենիքի համար:

Գործարար Քրիստիան Գելիջին (Նիդերլանդներ), ով Հայաստանում ավելի քան 1200 աշխատատեղ է ստեղծել, նշեց. «Ես ուրախ եմ, որ իմ ինը երեխաները ծնվել են այս սուրբ հողի վրա: Մենք օտարության մեջ ապրել ենք Հայրենիքը տեսնելու կարոտով, ուստի  իմ զավակներին տվել եմ այն, ինչից ինքս զրկված եմ եղել»:

Գործարար Ստեփան Սարգսյանը (ԱՄՆ) համոզմունք հայտնեց, որ դրսում ապրող հայերը պարտավոր են իրենց ձեռքբերած փորձն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանը շենացնելու գործին:

Քուվեյթից բանասեր Ֆրիդա Գզլյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ Հայաստանում՝ իր ընտանիքի հաստատվելու գործում աջակցելու համար:

Սիրիայից սրտաբան Ջորջ Բարսեղյանը նույնպես, շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը սիրիական պատերազմի սկզբից սիրիահայերի կողքին կանգնելու և աջակցելու համար՝ նշեց. «Մենք մշտապես զգացել ենք տիկին Հակոբյանի հոգատարությունը և անպայման ուզում եմ շեշտել, որ Հայաստանում ապրելը զոհաբերություն չէ, այն մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»:

Լյուսի-Վանա Կարապետյանը, ասմունքելով Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, նշեց. «Հայաստանն իմ ուժն է, իմ երազանքը, որ իրականություն դարձավ այստեղ հաստատվելով»:

Կանադայից հայրենադարձված, ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նույնպես ընդգծեց, որ Հայաստանում ապրելը զոհողություն չէ: «Հայաստանը միակ վայրն է, որտեղ ինձ տեր եմ զգում», – նշեց նա:

Իրաքահայ  պատմաբան Սեդա Օհանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է կրում Հայաստանի Հանրապետության անձնագիրը: Նա ՀՀ սփյուռքի նախարարին նվիրեց Իրաքի հայ համայնքի մասին պատմող իր աշխատությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ սիրիահայ հայրենադարձ, Սփյուռքի նախարարության աշխատակից Նայրի Մուրադյանը և առաջարկեց ստեղծել հայրենադարձների խորհուրդ:

Միջոցառման ընթացքում սկիզբ առավ «Հայաստա՛նն է իմ տունը» շարժումը:

Համերգային կատարումներով հանդես եկան հայրենադարձ երաժիշտներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Գևորգ Հաջյանը, ուդահար Ջորջ Վանեսյանը, Արարատյան հայրապետական թեմի  «Ծաղկազարդ» համույթը, Դավիթ և  Շահե Իսպիրյանները և Արաքս Քալիջյանը:

Scroll Up