«Հայաստանը կարծես դրախտ լինի». Շաքե Թումայան

Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանից հայրենադարձված Շաքե Թումայանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայրենիքում հաստատվելու Շաքեի որոշումը: Նա մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ, ճիշտ որոշում ես ընդունել: Այստեղ է յուրաքանչյուր հայի տունը: Այստեղ հողը, ջուրը, լեզուն, մշակույթը, ամեն ինչը ձերն է, հարազատ է, հայկական»:
Շաքե Թումայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց. «Հայաստանում շատ եմ եղել, եկել եմ շրջագայության: Միշտ էլ հայրենադարձվելու մասին մտածել եմ, վերջապես հաջողվեց իրագործել: Արդեն առաջին քայլն արել եմ, Աշտարակում փոքրիկ տուն ու հողակտոր եմ գնել: Երբ հաստատվեմ քրոջս ու եղբորս էլ կբերեմ: Այստեղ մարդ իրեն ապահով է զգում, ամեն ինչ ուրիշ է. օդը, ջուրը, ուտելիքը, բնությունը, Հայաստանը կարծես դրախտ լինի: Երկրի գեղեցկությունը պարզ է, առանց զարդարանքների: Երևանը շատ գեղեցիկ է, շենքերը, այգիները: Այստեղ միշտ քեզ տանն ես զգում, շուրջբոլորը խոսում են հայերեն: Մշակութային կյանքը շատ հարուստ է, բարձր արվեստ կա և այդ ամենը մատչելի է: Հայաստանի ժողովուրդը ազնիվ, կամեցող, սրտաբաց, պարզ ու բարի մարդիկ են: Միայն մեկ բան լավ չէ, որ աշխատանք չկա, աշխատավարձերը ցածր են: Բայց համեմատաբար կյանքն էլ այդքան թանկ չի: Շատ կուզեմ, որ Հայրենիքս զորանա, թերությունները պակասեն: Փափագս է, որ հայերը գան, Հայաստանում տներ գնեն, գործ դնեն, աշխատատեղեր բացեն, տնտեսությունը աշխուժանա, թերությունները պակասեն: Աշխարհի բոլոր հայերը պետք է միասնական լինեն, խոսելու փոխարեն գործ անեն: Կյանքը կառավարվում է գիտակցությամբ, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի կարգավորել, աշխատել: Չենք կարող հաբեր բաժանել, որ բոլորը դրական դառնան: Հայաստանը միասին պիտի զորացնենք»: