Հունգարիայի հայ ազգային ինքնավարության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահ Սևան Սարկիսյանին, տեղակալ Ալեքս Ավանեսյանին և Անդրանիկ Բելոզյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Սևան Սարկիսյանին Հունգարիայի հայ ազգային ինքնավարության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Նա արժևորեց Հունգարիայի հայ համայնքի ակտիվ գործունեությունը և նշեց, որ Հունգարիայում ՀՀ դեսպանատան բացակայության պարագայում կազմակերպության վրա է դրվում նաև համայնք-պետություն փոխհարաբերությունների պատշաճ իրականացման առաքելությունը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, խնդրեցին աջակցել Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում գործող  հայագիտական ամբիոնի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում: Սևան Սարկիսյանը մանրամասնեց, որ ամբիոնում ուսանում են հունգարացիներ և դասերն ընթանում են անգլերեն լեզվով:

Նախարարն առաջարկեց դասընթացներում ներգրավել նաև հայ ուսանողներին, և կարևորելով հայոց լեզվի և ինքնության պահպանումը սփյուռքում՝ նշեց, որ ցանկալի է դասընթացներն անցկացնել հայերենով, այլապես ամբիոնը չի կարող համարվել լիարժեք:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Հայաստանի տնտեսության զարգացման, Արցախի, սիրիահայերի հիմնախնդիրներին, քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները:

img_4164 img_4173

Scroll Up