«Ափսոսում եմ այն տարիների համար, որոնք հեռվում եմ անցկացրել». Հանրիետ Անդրեասյան

Հունվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Համազգայինի «Սասուն» մասնաճյուղի փոխնախագահ, միջոցառումների համակարգող Հանրիետ Անդրեասյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց տիկին Անդրեասյանի հայանպաստ, ազգանվեր գործունեությունը: Նա մասնավորապես նշեց. «Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Մեր ծրագրերն ուղղված են երիտասարդների հայրենաճանաչությանը, ազգային ինքնության և լեզվի պահպանությանը: Կարևոր է, որ հնարավորինս շատ ուսուցիչներ մասնակցեն «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին: Հայության, հայ ինքնության ողնաշարը լեզուն է: Երեխաներին պետք է գոնե շաբաթը երկու ժամ հայերեն սովորեցնել՝ երգ ու պարի, խաղերի միջոցով: Այդպես պահպանվում է ոչ միայն լեզուն, ազգային ավանդույթները, այլև հայկական միջավայր է ստեղծվում: Տարբեր դասարաններում սովորող երեխաները ծանոթանում են, ընկերանում»:

Քննարկվեցին համագործակցության շրջանակները, նախանշվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ հետագա անելիքները:

Հանրիետ Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  նշեց, որ ամռանը մասնակցել է նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրին և հիացած է ծրագրի ընձեռած հնարավորություններից. «Ծրագրի շնորհիվ ինձ բախտ վիճակվեց Երևանի պետական համալսարանում դասընթացների մասնակցել, լինել Ազգային ժողովում, հանդիպել վարչապետի հետ: Ուրախ եմ, որ կա Սփյուռքի նախարարություն, ուր կարող եմ գալ, ներկայացնել համայնքի խնդիրները, ձեռքբերումները, նոր նախագծեր քննարկել: Հեռավոր Ավստրալիայում ապրում եմ Հայաստանով, ակտիվորեն աշխատում եմ համայնքում մայրենիի արմատավորման, ազգային ինքնության ու մշակույթի պահպանման ու տարածման ուղղությամբ: Զավակներիս էլ հայկական ավանդույթներով եմ դաստիարակում: Այս անգամ ուզում եմ Ավստրալիայի հայ երիտասարդների համար հայոց պատմության վիրտուալ դասընթացներ կազմակերպել: Ափսոսում եմ այն տարիների համար, որոնք հեռվում եմ անցկացրել: Կուզեի ձեզ հետ, ձեր մեջ լինել»:

img_3132

Scroll Up