«Բնակվում եմ Ռուսաստանում, բայց հոգով ապրում եմ Հայաստանում». Պավել Ղուկասյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/Պավել-Ղուկասյան1.jpg)
Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերը, դրսում աշխատելով տարբեր ոլորտներում, մշտապես ձգտում են իրենց համայնքին օգտակար լինել ինչ-որ բանով, կապ պահպանել Հայրենիքի, մասնավորապես՝ ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Նրանցից մեկի՝ Վլադիկավկազից մեր նախարարությունում հյուրընկալված Պավել Ղուկասյանի հետ առիթ ընձեռվեց զրուցելու «Հայերն այսօր»-ի համար:
-Բարո՛վ եք եկել Հայրենիք, պարո՛ն Ղուկասյան, գործնակա՞ն է Ձեր այցը, թե՞ կարոտն է բերել այստեղ:
-Բնականաբար, կարոտը միշտ կա, որքան էլ հաճախ գնաս-գաս, սակայն այցելությունս նաև գործնական բնույթ է կրում՝ եկել եմ խնդրեմ, որպեսզի Սփյուռքի նախարարությունը դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ ու գեղարվեստական գրքեր տրամադրի, նաև՝ մեր հայկական համայնքին նախկինում ունեցած դպրոցի շենքը վերադարձնելու հարցով: Ես 2011-ից Ռուսասատանի քաղաքացի եմ, բնակվում եմ այնտեղ, սակայն հոգով այստեղ՝ Հայաստանում եմ ապրում:
-Ի՞նչ աշխատանքով եք զբաղված Վլադիկավկազում:
-Առաջին երեք տարիներին խմբագրում էի Հյուսիսայի Օսեթիայի կոմունիստական կազմակերպության թերթը, որից հետո հրավեր ստացա՝ ղեկավարելու բնապահպանական մի մեծ հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է Մատվիենկոյի նախաձեռնությամբ. Ռուսաստանի 16 տարածաշրջաններում բացվել էին նման կազմակերպություններ, իսկ Վլադիկավկազում էլ ես դարձա այդ կառույցի գործադիր տնօրենը:
-Ո՞րն էր օտար երկրում Ձեզ այդպիսի կազմակերպություն վստահելու նախապայմանը:
-Նախ ասեմ, որ այնտեղ հայերի վարկանիշը շատ բարձր է, հետո, ըստ երևույթին, հաշվի առան նաև իմ անցած ճանապարհները, աշխատանքային բազմաբովանդակ կենսագրությունը: Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանում ես աշխատել եմ թերթում՝ որպես լրագրող, եղել եմ դպրոցի ուումնական մասի վարիչ, որից հետո աշխատանքի եմ անցել ՀԼԿԵՄ կենտկոմում, այնուհետև անցել եմ կուսակցական աշխատանքի՝ Լենինյանի կուսշրջկոմում, հետագայում ՝ 1986 թվականին, Կարեն Դեմիրճանն ինձ տարավ Կուսկենտկոմ, ուր աշխատեցի՝ որպես կուլտուրայի բաժնի հրահանգիչ: Տարիներ անց, երբ հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքը տեղի ունեցավ, Կարեն Սերոբիչի հետ աշխատած մարդիկ շատ ծանր տարան նրա՝ հրաշալի մարդու, լավ ղեկավարի, բազմակողմանի զարգացած անձնավորության, մեծ հայրենասերի կորուստը: Երբ Դեմիրճյանի այրին ՝ տիկին Ռիման, և նրա տղան, հետագայում ստեղծեցին բարեգործական հիմնադրամ, ես դարձա այդ հիմնադրամի նախագահը, գործադիր տնօրենը և մեր ջանքերի շնորհիվ, նաև՝ իշխանությունների, նախկինում՝ Ղուկասյան, այսօր ՝արդեն Փարպեցու փողոցում, կառուցվեց Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:
-Բավականին հարուստ կենսագրություն եք կերտել, պարո՛ն Ղուկասյան. բնականաբար, այսպիսի կենսագրություն ունեցող մարդուն օտար երկրում կարող էին վստահել այսպիսի պատասխանատու աշխատանք:
-Ես արդեն ասացի, որ հայերին մեծ տեղ են տալիս. նրանց մոտ կառուցված ամենահին եկեղեցին հայերի կառուցածն է, հայերի դերը նրանց մշակութային ու տնտեսական կյանքում բավականին բարձր է, Հյուսիսային Օսեթիայում ստեղծված վերջին կառավարության կապի նախարարարն ազգությամբ հայ է: Վերջերս ես ընտրվել եմ նախագահին առընթեր հասարակական խորհրդի անդամ, այնտեղ կա նաև բնապահպանական հարցերով զբաղվող հանձնաժողով, այնտեղ էլ գլխավոր խորհրդատուն եմ: Ես ակտիվորեն բնապահպանական կուլտուրա եմ պրոպագանդում: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք պետական վերահսկողության բնապահպանական մարմինների հետ, բնապահպանական թեմաներով բաց դասախոսություններ եմ անցկացնում դպրոցներում և բուհերում:
-Այս բոլորը՝ Ռուսաստանի համար, իսկ ի՞նչ եք անում Հայաստանի, հայության համար:
-Ինձ մտահոգում է մեր համայնքի, հայության հետ կապված ամեն մի հարց, ամենից շատ՝ վերջին տարիներին Վլադիկավկազ եկած հայերի մասին եմ մտահոգվում, աշխատում օգնել նրանց՝ ինտեգրվելու նոր միջավայրին, աշխատանք գտնելու. հաճախ գալիս են Հայաստանից՝ առանց նախապես աշխատանքի հարց լուծելու: Աշխատաշուկան հիմա բավականին սահմանափակ է, հայերն այժմ հիմնականում զբաղված են շինարարական աշխատանքներում: Վլադիվկազում մենք ունենք «Էրեբունի» պատմամշակութային կենտրոն, մոտեցա և առաջարկեցի իմ ծառայությունները: Մի քանի անգամ այստեղից գրքեր եմ տարել, էլի պետք է տանեմ: Դրսում ամենակարևորը լեզուն պահպանելն է: Միայն Վլադիկավկազում 30 հազար հայ է ապրում: Նոր եկածների մտածելակերպը էականորեն տարբերվում է հնաբնակ հայերի մտածելակերպից: Մեր գերնպատակը դրսում մեր հայ ինքնությունը պահպանելն է, մասնավորապես՝ լեզուն: Ես իմ կյանքի 60 տարիները Հայաստանում եմ ապրել, ուստի անհնար է հոգով ու սրտով չլինել Հայաստանի հետ: Հայերը տաղանդավոր են, իսկ դա դրսում ավելի զգալի է:
– Ամենից առաջ ինչի՞ կարիք ունեն Վլադիկավկազի հայերը:
-Ամենից առաջ՝ իրավաբանական խորհրդատվության, գրքերի. գրքերի համար արդեն հայտը լրացրել եմ և համոզված եմ, որ այդ հարցը կլուծվի, որի համար շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը: Միայն այն փաստը, որ կա Սփյուռքի նախարարություն, արդեն ողջունելի է, ես դա բացառիկ նվաճում եմ համարում:
Զրուցեց Կարինե Ավագյանը