Ռուսաստանից սահմանամերձ Չինարի.ամանորյա նվերներ սահմանամերձ գյուղի աշակերտներին
Ռուսաստանի հայերի միության Խոստա քաղաքի տարածաշրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ, գործարար Վալերի Մուրադյանը և համայնքի ներկայացուցիչներ Մարկոս Քեսյանը Ամանորի և Սուրբ Ծնունդի նախաշեմին կրկին Հայաստան էին եկել:
Խոստայի մեր հայրենակիցներն ավանդաբար այցելում են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ ամանորյա նվերներ հանձնելու և ամենակարևորն ասելու, որ միշտ նրանց կողքին են:
Դեկտեմբերի 29-ին նրանք Չինարի գյուղ են մեկնել՝ տոնական 100 նվերներ հանձնելու աշակերտներին:Բացի ամանորյա նվերներից, 11 առաջին դասարանցիներին տվել են բջջային հեռախոս, իսկ 11-րդ դասարանի աշակերտներին, նրանց դասղեկին և Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին հանձնել են 13 ուղեգիր` 2017 թվականի ամառային հանգիստը Խոստայում անցկացնելու համար:
Տոնական միջոցառմանը օրհնության խոսքով է հանդես եկել Տավուշի մարզի Բերդ քաղաքի և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, ներկա են եղել Չինարիի գյուղապետը, ուսուցիչները, գյուղի բնակիչները և այլ հյուրեր:
«Չինարեցիների կողմից ջերմ ընդունելության արժանացանք: Ամանորյա հանդեսը տեղի է ունեցել գյուղի հրապարակում, որտեղ հավաքվել էին շուրջ 300 մարդ: Ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, բարձր տրամադրությամբ՝ միասին նշեցինք Ամանորը, իսկ Ձմեռ պապի «պարտականություններն» այս տարի նույնպես Վալերի Մուրադյանը ստանձնեց»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Մարկոս Քեսյանը՝ վստահեցնելով, որ նման նախաձեռնություններն անպայման շարունակական բնույթ են կրելու:
Մարկոս Քեսյանը տեղեկացրեց նաև, որ Սոչիի հայ համայնքի ղեկավար Հմայակ Ուստյանի գլխավորությամբ և Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ քննարկումների արդյունքում են որոշում՝ ինչ անհրաժեշտ պարագաներ ընտրել, որից հետո սկսում են նվերների պատրաստման աշխատանքներն իրականացնել:
Վալերի Մուրադյանը, անդրադառնալով այս նախաձեռնությանը, «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց, որ ապրելով Հայաստանից հեռու՝ մտածում են Հայրենիքին օգտակար լինելու մասին և փորձում միշտ աջակցություն ցուցաբերել:Եվ իբրև ամանորյա բարեմաղթանք՝ ցանկացավ՝ ամեն բացվող առավոտ Հայաստանի համար խաղաղ լինի, իսկ մարդիկ՝ բարեկեցիկ կյանքով ապրեն:
Գևորգ Չիչյան