ՀԲԸՄ Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի աշակերտներն Արցախի կողքին են

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Մարի Մանուկյան» դպրոցի աշակերտները միացել եմ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:
«Մարի Մանուկյան» դպրոցը Բուենոս Այրեսի յոթ հայկական դպրոցներից մեկն է:
Արդեն 35 տարի է, ինչ ձևավորված ավանդույթի համաձայն՝ դպրոցի ավարտական դասարանների հայ աշակերտները հատուկ ծրագրով գալիս են Հայաստանը տեսնելու:
Ավարտական դասարանների աշակերտները մեկ տարի շարունակ իրենց ծնողների հետ հայկական տարբեր կերակուրներ են պատրաստում և շաբաթվա կտրվածքով երկու անգամ՝ ուրբաթ-շաբաթ օրերին, այն վաճառում դպրոցի սրահներից մեկում, որը խորհրդանշական ձևով ռեստորանի են վերածում: Ճաշացանկը բաղկացած է լինում հիմնականում Կիլիկիան Հայաստանի ճաշատեսակներից՝ հումուս, թաբուլե, պասուց դոլմա և այլն: Հավաքված գումարով ամառային արձակուրդին նրանք Հայաստան են գալիս:
Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում 6000 սփյուռքահայ պատանիներ և աղջիկներ են եկել Հայաստան, եկել են տեսնելու իրենց պապերի ծննդավայրը: