«Առանց առողջության չկա՛ գեղեցկություն».Հելեն Ազարյան

Հայաստանում արվող ամեն մի ներդրում արդենիսկ հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, որի առաքյալներից մեկն էլ 2007-ին Հայաստանում  բացված «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր Հելեն Ազարյանն է: «Հայերն այսօրի» համար ունեցած իմ հարցազրույցի ընթացքում բարեհամբույր տիկին Հելենի պատասխաններում ամենից առավել ընդգծվում էր կանանց և, առհասարակ, մարդկանց գեղագիտական խնդիրների՝ առողջության և գեղեցկության համադրման հանդեպ ունեցած նրա մտահոգությունը:

-Տիկի՛ն Ազարյան, խնդրում եմ ասել, թե ու՞մ նախաձեռնությունն էր, ու՞մ մտահղացումն էր այս համալիր կենտրոնի բացումը և ո՞վ է հովանավորել, աջակցել:

-Մտահղացումն իրադրությունն էր. ես ուսանում էի օրդինատուրայում՝ որպես մաշկավեներաբան, հենց այդ ժամանակ էլ մտածեցի, թե ինչո՞ւ Հայաստանում չստեղծենք մի կենտրոն, որտեղ էսթետիկ բժշկությունը հասցնենք միջազգային չափանիշների, դեռ մի բան էլ՝ ավելին: Այդ <<մի բան էլ ավելին>> մեր տաղանդավոր հայերի խելքի, ներուժի օգտագործումն է. եթե դրսում առաջնակարգ, նորարարական վերջին սարքավորումներով են պայմանավորված շատ աշխատանքներ, ապա մեր մոտ՝ հայի մտքի՛, խելքի՛ գործոնով: Լինելով մաշկաբան՝ ասեմ, որ մարդու մաշկն ընդամենը արձագանքն է մեր մյուս օրգաններում կատարվող զանազան փոփոխությունների, հիվանդությունների, ուստի ամեն ինչ պետք էր սկսել հիմնովին: Բնականաբար, առաջին հերթին ստեղծեցինք ախտորոշիչ լաբորատորիան, հետո՝ մաշկաբանության բաժինը՝ նեղ մասնագետներով, ովքեր անմիջականորեն կապված են մաշկաբանությանը՝ էնդոկրինոլոգ, գաստրոէնտորոլոգ, գինեկոլոգ և այլն: Այս բոլորը շատ կարևոր է՝ ամբողջական պատկեր ստանալու համար: Մեր օրգանիզմի մասին խոսում է ոչ միայն մաշկը, այլև՝ եղունգները, մազերը, մաշկային հավելումներն են մաշկի արտացոլքը՝. այդիսկ պատճառով միտք առաջացավ 2016-ին ստեղծել պոդոլոգիայի կենտրոն, որի նպատակը սոսկ մատնահարդարումն ու ոտնահարդարումը չէ, այլև՝ դրանց զանազան հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: 2009-ին արդեն ստեղծվել էր երկրորդ մասնաշենքը. այժմ մեր կենտրոնն ունի 3 մասնաբաժիններ, որոնք գործում են մեկ տարածքում՝Սայաթ-Նովա 11/2 հասցեում, մեզ ճանաչում են, մեզ վստահում են ու գնահատում: Մեր կենտրոնն ունի իր փիլիսոփայությունը՝ «Չկա գեղեցկություն՝ առանց առողջության», այսինքն՝ բուժել, հետո միայն գեղեցկացնել, գեղագիտական մոտեցում ցուցաբերել: Մեր կենտրոնը շարունակաբար առաջընթաց է ապրում, որովհետև պետք է լինել միշտ բարձր հարթակի վրա՝ չմոռանալով, որ էսթետիկ բժշկությունն աշխարհում շատ արագ է զարգանում, և վազք է պետք նրա ետևից: Ունենք նաև մի այլ մտահղացում՝ էսթետիկ գինեկոլոգիայի ստեղծում, որը նույնպես շատ կարևոր է հատկապես կանանց համար: Հայտնագործություն արած չեմ լինի, եթե, ասեմ, որ հիվանդությունների մեծ մասի հիմնական պատճառը նյարդային համակարգի խախտումներն են, սթրեսային վիճակները, որոնք, անպայմանորեն, իրենց դրոշմն են թողնում մարդու արտաքինի՝ մաշկի, մազերի, եղունգների վրա: Մարդու ներքին օրգաններում կատարվող բոլոր փոփոխությունների հայելին մարդու դեմքն է, մաշկը, աչքերը, թարթիչները, մազերը, մաշկային բոլոր տեսակի հավելումները:

-Նախաձեռնությունը, մասնագետների ընտրությունը Ձերն է. եթե գաղտնիք չէ, ասացեք, խնդրեմ, ո՞վ է հովանավորել կենտրոնի բացումը, ֆինանսական աջակցությունն ումի՞ց եք ստացել:

-Նախաձեռնությունն, իհարկե, իմն է և իմ ամուսնունը՝ մասնագիտությամբ ճարտարապետ Ֆիլիպ Փաթաթանյանինը, ով նաև շենքի կառուցման հիմնական նախագծողներից մեկն է, բայց ոչ միակը: Նա իմ թիկունքն է, ոտքերիս տակի հողն է ամրացնում, մնացածն ինքս եմ կազմակերպում: Ցանկացած ներդրում կատարվել է մեր սեփական ուժերով:

Դոկտո՛ր Հելեն, սա Ձեր ստեղծած առաջին և միա՞կ նմանատիպ կենտրոնն է:

-Իմ առաջին «Հելիոս» կենտրոնը Քուվեյթում է գտնվում և 23 տարվա պատմություն ունի: Մինչ այդ նման կենտրոն չկար, էսթետիկ բժշկությունը Քուվեյթում էլ դեռևս այդքան զարգացած չէր: Մենք առաջիններից էինք: Քուվեյթի կենտրոնի հովանավորողը եղավ դոկտոր Ահմադ ալ Էնսարին. նա ստեղծեց առաջին մասնավոր բժշկական կենտրոնը, որից հետո նոր սկսեցին զարգանալ նմանատիպ մյուս բժշկական կենտրոնները: Սկզբում մեզ տրված էր գրեթե նկուղային հարկում գտնվող մի փոքրիկ սենյակ, իսկ հիմա այնտեղ մենք զբաղեցնում ենք այդ նույն շենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերը: Երևանյան կենտրոնը կարելի է համարել Քուվեյթում գտնվող կենտրոնի մասնաճյուղ:

-Երևանյան մասնաճյուղի բժշկական կենտրոնի հիմնադրմամբ մոտավորապես քանի՞ աշխատատեղ ստեղծվեց:

-Մեր բժշկական կենտրոնի հիմնադրմամբ մոտավորապես 55 աշխատատեղ է ստեղծվել, <<Հելիոս>>-ում ՝45, Պոդոլոգիայում՝ 15: Ապագայում ունենք ընդլայնվելու մտահղացում:

-Կարծես թե գովազդային դաշտում Ձեր կենտրոնը չի երևում…

-Այո՛, այդպես է, համամիտ եմ. ես հավատում էի, որ գովազդը մեր ծառայություններից օգտված մարդկանց միջոցով մեկը մյուսին ասելն է, տեղեկացնելը, տեղ հասցնելը, սակայն այնպես է ստացվում, որ մենք շատ արագ տեմպերով առաջ ենք ընթանում, իսկ մարդիկ չեն հասցնում տեղեկանալ այդ ամենի մասին: Ես հեռուստատեսությամբ ելույթ եմ ունեցել ինչ-ինչ նորույթի վերաբերյալ, սակայն դա ամբողջովին չի արտացոլել մեր կենտրոնի գործունեությունը, ուստի, այո՛, գտնում եմ, որ կա՛ գովազդի կարիք և որոշել ենք հաջորդ տարում մի քիչ ակտիվանալ այդ դաշտում:

-Տիկի՛ն Ազարյան, հասկանալի է, որ Դուք միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտացած, փորձառու, վերապատրաստված մասնագետ եք, իսկ Ձեր կենտրոնի աշխատակիցներն անցնու՞մ են վերապատրաստում:

-Անպայմա՛ն: Կախված մասնագիտությունից՝ նաև մի քանի անգամ: Եթե անհրաժեշտ է, մասնագետների ենք հրավիրում, որպեսզի տեղում անցկացնեն այդ դասընթացները կամ մեր աշխատակիցներին ենք ուղարկում:

-Ձեր կենտրոնն այսօր ունի՞ արդյոք այն հեղինակությունը, որ այլ կենտրոններից գան և վերապատրատման դասընթացներ անցնեն Ձեր մոտ:

-Նախ ասեմ, որ մեր կենտրոնի նպատակներից մեկն էր էսթետիկ բժշկությունը բարձրացնել <<կոսմետիչկա>> և սալոնային մակարդակներից: Դեռևս մի քանի տարի առաջ մեր կենտրոնը դարձավ  կոսմետոլոգների հետբուհական վերապատրաստման կենտրոն: <<Հելիոս>> բժշկական կենտրոնը համարվում է ԵՊԲՀ-ի մաշկավեներաբանության և թերապևտիկ կոսմետոլոգիայի ամբիոնի կլինիկական բազան է: ԵՊԲՀ-ի դերմոտոլոգիա-կոսմետոլոգիա բաժինն ավարտածները գործնականորեն վերապատրաստվում են մեր կենտրոնում:

-Մի՞շտ եք ընդառաջում Ձեր կենտրոնի այցելուների ցանկություններին՝ մարմնի  այս կամ այն հատվածի ձևափոխությունների առումով, թե՞ լսելով ձեր  մասնագետների խորհուրդները, նրանք ետ են կանգնում իրենց որոշումներից:

-Դու դառնում ես հաճախորդի ձեռքի խաղալիքը, երբ նա գումարի, վճարի դիմաց պարտադրաբար ցանկանում է իրագործել իր ցանկությունը, եթե անգամ դա ճիշտ չէ մեր տեսանկյունից…Նման դեպքերում ես, մեր մասնագետները կարող ենք դառնալ խամաճիկներ. մենք չենք ընդունում նման տարբերակներ: Բժշկին գումարով չի կարելի: Ես լսում եմ հաճախորդին, ես նրան առաջնորդողն եմ:

-Ձեր կենտրոնում գործու՞մ է ծառայությունների զեղչային համակարգ:

-Այո՛, հենց հիմա, Ամանորի առիթով, ունենք 30 տոկոս զեղչ, սակայն մենք ընդհանրապես դա գնահատում ենք այսպես՝ նայելով, թե հանրապետությունում նման ծառայությունների մատուցումը որքան արժե և ավելի ցածր գին ենք սահմանում, որն, իհարկե, վնաս է մեզ համար. պարզապես մենք առաջնորդվում ենք ժողովրդի կենսամակարդակով: Շնորհակալական, երախտագիտության շատ խոսքեր ենք լսում միշտ՝ գրավոր ու բանավոր. մեզ ուրախացնում է այն փաստը, որ մարդկանց կարողանում ենք լավ տրամադրություն պարգևել, ինչ-որ չափով ազատել մաշկի, մազերի, մաշկային ավելորդ հավելումներից և այլ գործոններից առաջացած բարդույթներից: <<Հելիոս>> կենտրոնը վստահություն է, մաքրություն, բարեկրթություն, ամբողջովին գեղագիտություն: Մեր կենտրոնն իրականացնում է լաբորատոր հետազոտություններ՝ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների նորագույն սարքավորումներով, այն հագեցած է VITEK 2 COMPACT ավտոմատ վերլուծիչով:

-ՀՀ սփյուռքի նախարարության և հանրահռչակ մատնահարդար Ջեսիկա Վարդուղյանի հետ ունեցած կապի մասին, մասին, եթե կարելի է…

-Ջեսիկա Վարդուղյանի մասին կարդացել էի ինչ–որ ամսագրում. ինձ առաջինը գրավեց այն, որ նա հայուհի է և ստեղծել է այդպիսի ապրանքանիշ: Որոշեցի անձամբ ծանոթանալ, գնացի Ամերիկա, հանդիպեցի նրան և ներկայացրեցի մեր կենտրոնը և ցանկություն հայտնեցի ներմուծել իր ստեղծած ապրանքանիշը, սիրով համաձայնեց: Եկավ Հայաստան, իր խորհուրդներով մասնակցեց մեր Պոդոլոգիայի կենտրոնի շինարարությանը: Նա շատ խստապահանջ է, ինքն է անցկացնում պոդոլոգիայի քննությունները. եթե ինչ-որ բան բան նրան չի բավարարում, հավաստագիր չի տալիս: Նրա մեծ փորձն ու խորհուրդները մեզ համար մեծ արժեք ունեն: Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, մասնավորապես՝ Սփյուռքի նախարարին, ասեմ, որ շատ շնորհակալ եմ նրան, որ մեր Պոդոլոգիայի կենտրոնի բացմանը, գերզբաղված լինելով, խոստացավ ներկա լինել և իր խոստման տերը եղավ: Շատ եմ կարևորում նախարարության դերը հայապահպանության հարցում և նախարարի հետաքրքիր ծրագրերը:

Ահա այն ամենն, ինչի շուրջ զրուցեցինք դոկտոր Հելենի հետ, որից հետո, այս էլ որերորդ անգամ, համոզվեցի հայի ստեղծարար ուժի զորության մեջ:

 Կարինե Ավագյան

2 4

Scroll Up