ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Լիբանան
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 10-13-ը աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարը կհանդիպի Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորների, նախարար Արթուր Նազարյանի, ՀՅԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ կուսակցապետերի հետ: Կկայանա ՀՀ նոր կառավարության ծրագրի և առաջնահերթությունների քննարկում:
Այնուհետև Սփյուռքի նախարարը կայցելի ՀԲԸՄ տիկնանց հանձնախմբի կողմից իրականացվող Հայկական ավանդական սուրբծննդյան տոնավաճառ:
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը կմասնակցի «Հայաստանը Լիբանանի սրտում» միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անկախության 25-ամյակին:
Դեկտեմբերի 11-ին Սփյուռքի նախարարը ներկա կգտնվի Գերսամ Ահարոնյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսությանը:
Այնուհետև կմասնակցի Քրիստոնեական Ջանից ամառային կենտրոնում կազմակերպված հանդիպում-քննարկմանը:
Օրվա ավարտին Հրանուշ Հակոբյանը ներկա կգտնվի օպերային երգչուհի Լեոնորայի (Արևիկ Թանաշյան) մենահամերգին:
Դեկտեմբերի 12-ին Հրանուշ Հակոբյանը կայցելի Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին:
Լիբանանում ՀՀ դեսպանատանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ներկայացված լուսանկարների ցուցահանդեսին` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:
Ցուցահանդեսի ավարտին Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներ, մեդալներ և 2015թ. Համահայկական մրցանակաբաշխության մրցանակներ կհանձնի Լիբանանի հայ համայնքի, կառույցների ներկայացուցիչներին։
Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի արդյունքների ամփոփմանը, որի ավարտին տեղի կունենա «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի հարցազրույցը նախարարի հետ:
Երեկոյան Հրանուշ Հակոբյանը կմասնակցի «Բազմաձայն զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» ձեռնարկին։
Դեկտեմբերի 13-ին Հրանուշ Հակոբյանը Բեյրութի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» բարձրագույն վարժարանումկմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարության «Դուն ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը նվիրված հատուկ միջոցառմանը:
Այնուհետև Սփյուռքի նախարարը կհանդիպի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Եկեղեցու Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի հետ:
Նույն օրը Հրանուշ Հակոբյանը կայցելի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմեանց վարժարան, ծաղկեպսակ կզետեղի վարժարանի բակում տեղադրված խաչքարի առջև, հանդիպում կունենա ուսուցչական կազմի և աշակերտների հետ:
Երեկոյան նախատեսված է Սփյուռքի նախարարի այցելությունը Համազգային հայ կրթական և մշակութային միության «Լևոն Շանթ» կենտրոն: