Ալմելոյում թուրքական համայնքն աղմուկ է բարձրացրել հայկական եկեղեցու մոտ տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դեմ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/HAAGA.png)
Հոլանդիայի Ալմելո քաղաքում մեկնարկեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Առաջին այս նիստում դատախազն ընթերցեց պարոն Աշկինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական ճառը, այնուհետև դատավորը քննարկեց դատավարության հետագա գործընթացը։ Որոշվեց, որ գործն ըստ էության քննելու համար դատարանի հաջորդ նիստը կկայանա 2017 թ. մարտի 3-ին։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Աբովյան» մշակութային միությունից:
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։
Ըստ դատախազության, քրեական մեղադրանքներ են հարուցվել պարոն Աշկինի դեմ, որը ներկայացել էր իր փաստաբան Պլասմանի հետ, որովհետև հանրահավաքի ժամանակ նա վանկարկել է հայերի դեմ խտրական կարգախոս`«Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը»: Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:
Առաջիկա ամիսներին փորձագետները դատարանին կտրամադրեն գրավոր խորհուրդ մի շարք հարցերի մասին: Դատախազությունը ներկայացրել է հոլանդացի թուրքագետ, պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերին որպես փորձագետ, իսկ դատապրտյալ կողմն առաջարկել է ներգրվել թուրք պատմաբան Արմանդ Սաղին, որպես այսպես կոչված, «մեկնաբանող-փորձագետ»։
Նիստի ավարտին Աշկինի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնեց, որ իր պաշտպանյալը խոստովանել է, որ ինքն իրոք վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կարգախոսը, սակայն համարում է, որ պատժելի ոչինչ չի արել։ Նա նշեց, որ այստեղ խոսքը որոշակի տարածաշրջանի մասին է, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ պարոն Աշկինի արտահայտությունները հանդիսանում են իրական սպառնալիք, բռնության կոչ են բոլոր հայերի նկատմամբ, թե Ղարաբաղում և թե այլուր, ինչը երկյուղալի է։
Ինչպես հայտնի է, թե անցյալում և թե մեր օրերում հայերը բազմիցս դարձել են թուրքական և ադրբեջանական բռնությունների զոհ` իրենց ազգային պատկանելիության պատճառով։ Բացի 1915 թ. հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերից, բազմաթիվ հայեր զոհվել են 1988 թվականին ադրբեջանական Սումգաիթ քաղաքում կազմակերպված ջարդերի հետևանքով, իսկ 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնի հարվածներով դաժանորեն սպանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը: