Երկրաշարժի օրերին Հայաստանի կոմերիտմիությունը, հիրավի, արդարացրեց իրեն տրված կոչումը. Զորի Բալայան
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ 28 տարի: Դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք:
Հայաստանի ԼԿԵՄ 700 հազարանոց երիտասարդական կազմակերպությունը, որը ղեկավարում էր այսօր արդեն՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արհավիրքի ծանր օրերին և դրանից հետո արեց հնարավոր ամեն բան՝ մարդկանց օգնելու և նրանց վիշտը թեթևացնելու համար:
Գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանն իր «Բոլոր ուղիները հատվում են մարդու մեջ» գրքի «Սպիտակ՝ ամենքիս ցավը» հոդվածում անդրադարձել է այդ օրերին Կոմերիտմիության կատարած աշխատանքին: «Հայերն այսօր»-ը ներկայացնում է հոդվածից մի հատված.
«Երկրաշարժի առաջին իսկ օրերից վիրավորներին ավերված քաղաքներից ու գյուղերից տարհանեցին: Նրանց տեղափոխում էին Երևան, Թբիլիսի, իսկ հաջորդ օրն արդեն՝ Մոսկվա: Եվ հաճախ, բարեկամներն ու հարազատները, որևէ տեղեկություն չունենալով իրենց հարազատների ու բարեկամների մասին, սկսում էին որոնել նրանց: Երկրից մարդկանց հանում էին հազարներով, և այդ խուճապի ու իրարանցման մեջ գրանցումների ժամանակը չէր:
Բերեցին ցնցումային վիճակում գտնվող վիրավորի: Պառկած էր՝ առանց գիտակցության: Նրա պես հազարավորները կային: Արդեն առաջին օրը Առողջապահության նախարարությունը պատրաստեց մոտ 10 հազար մահճակալ: Շատ շուտով այդ 10 հազար մահճակալը զբաղեցրեցին վիրավոր մեծահասակներն ու երեխաները:
Այդպիսի «կույր» պայմաններում իրեն փայլուն դրսևորեց Կոմերիտմիությունը: Այդ ժամանակ այն, հիրավի, արդարացրեց իրեն տրված կոչումը: Հանրապետության ԼԿԵՄ կենտկոմը ստեղծեց շտաբ, որի շրջանակներում գործում էին տարբեր ծառայություններ նրանց համար, ովքեր տարհանվել էին աղետի գոտուց և նրանց, ում որոնում էին հարազատները: Շտաբի աշխատանքներին կցվեցին ծրագրավորողներ, օգտագործվեցին ԶԼՄ-ների հնարավորությունները:
Միայն մեկ շաբաթվա ընթացքում գտան և ծնողներին փոխանցեցին մոտ 500 երեխայի: Շուտով ստեղծվում է համընդհանուր «Որոնում» ծառայությունը՝ իր «Հույս» տպագիր մամուլով: Ծառայությունը ղեկավարում էր ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, կամային և խիզախ մի անհատականություն՝ Հրանուշ Հակոբյանը: 10-րդ օրն արդեն կազմվեց 35 մարդուց բաղկացած ցուցակ: Կոմերիտմիությունն ինչ-որ առումով դարձավ տեղեկատու բյուրո, որը տրամադրում էր անհրաժեշտ օգնություն այն երեխաների մասին, որոնք հանրապետությունից դուրս էին տարվել:
Պատճառն այն էր, որ սկզբում, հատկապես՝ Երևանում, մտահոգության ալիք բարձրացավ այն երեխաների համար, որոնց մեծ խմբերով Հայաստանից դուրս էին տանում: Ստույգ և օպերատիվ տեղեկության բացակայությունը բազում քննադատությունների և բամբասանքների տեղիք էր տալիս: