Երկրաշարժի Օրերուն Հայաստանի Կոմերիտմիութիւնը, Յիրաւի, Արդարացուց Իրեն Տրուած Կոչումը. Զորի Բալայեան
1988 թուականի Սպիտակի աւերիչ երկրաշարժէն անցած է ուղիղ 28 տարի: Դեկտեմբեր 7-ին, ժամը` 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կեանք:
Հայաստանի ԼԿԵՄ 700 հազարանոց երիտասարդական կազմակերպութիւնը, որ կը ղեկավարէր այսօր արդէն` ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան, արհաւիրքի ծանր օրերուն եւ ատկէ յետոյ ըրաւ հնարաւոր ամէն բան` մարդոց օգնելու եւ անոնց վիշտը թեթեւցնելու համար:
Գրող, հրապարակախօս, հասարակական եւ քաղաքական գործիչ Զորի Բալայեան իր «Բոլոր ուղիները հատւում են մարդու մէջ» գիրքի «Սպիտակ` ամէնքիս ցաւը» յօդուածին մէջ անդրադարձած է այդ օրերուն ԿԵ միութեան կատարած աշխատանքին: «Հայերն այսօր»-ը կը ներկայացնէ յօդուածէն հատուած մը.
«Երկրաշարժի առաջին իսկ օրերից վիրաւորներին աւերուած քաղաքներից ու գիւղերից տարհանեցին: Նրանց տեղափոխում էին Երեւան, Թբիլիսի, իսկ յաջորդ օրն արդէն` Մոսկուա: Եւ յաճախ, բարեկամներն ու հարազատները, որեւէ տեղեկութիւն չունենալով իրենց հարազատների ու բարեկամների մասին, սկսում էին որոնել նրանց: Երկրից մարդկանց հանում էին հազարներով, եւ այդ խուճապի ու իրարանցման մէջ գրանցումների ժամանակը չէր:
Բերեցին ցնցումային վիճակում գտնուող վիրաւորի: Պառկած էր` առանց գիտակցութեան: Նրա պէս հազարաւորները կային: Արդէն առաջին օրը Առողջապահութեան նախարարութիւնը պատրաստեց մօտ 10 հազար մահճակալ: Շատ շուտով այդ 10 հազար մահճակալը զբաղեցրեցին վիրաւոր մեծահասակներն ու երեխաները:
Այդպիսի «կոյր» պայմաններում իրեն փայլուն դրսեւորեց Կոմերիտմիութիւնը: Այդ ժամանակ այն, յիրաւի, արդարացրեց իրեն տրուած կոչումը: Հանրապետութեան ԼԿԵՄ կենտկոմը ստեղծեց շտաբ, որի շրջանակներում գործում էին տարբեր ծառայութիւններ նրանց համար, ովքեր տարհանուել էին աղէտի գօտուց եւ նրանց, ում որոնում էին հարազատները: Շտաբի աշխատանքներին կցուեցին ծրագրաւորողներ, օգտագործուեցին ԶԼՄ-ների հնարաւորութիւնները:
Միայն մէկ շաբաթուայ ընթացքում գտան եւ ծնողներին փոխանցեցին մօտ 500 երեխայի: Շուտով ստեղծւում է համընդհանուր «Որոնում» ծառայութիւնը` իր «Յոյս» տպագիր մամուլով: Ծառայութիւնը ղեկավարում էր ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, կամային եւ խիզախ մի անհատականութիւն` Հրանոյշ Յակոբեանը: 10-րդ օրն արդէն կազմուեց 35 մարդուց բաղկացած ցուցակ: Կոմերիտմիութիւնն ինչ-որ առումով դարձաւ տեղեկատու բիւրօ, որը տրամադրում էր անհրաժեշտ օգնութիւն այն երեխաների մասին, որոնք հանրապետութիւնից դուրս էին տարուել:
Պատճառն այն էր, որ սկզբում, յատկապէս` Երեւանում, մտահոգութեան ալիք բարձրացաւ այն երեխաների համար, որոնց մեծ խմբերով Հայաստանից դուրս էին տանում: Ստոյգ եւ օպերատիւ տեղեկութեան բացակայութիւնը բազում քննադատութիւնների եւ բամբասանքների տեղիք էր տալիս: