Մեկ միտք, մեկ բռունցք, մեկ սիրտ
Այս օրերին տարբեր գերատեսչությունների կատարած աշխատանքի, համահայկական ոգևորության, ցասումի ու պայքարի մասին է Առաջին ալիքի պատրաստած տեսանյութը, որտեղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսել է Սփյուռքում առկա տրամադրությունների, ստացվող արձագանքների ու անելիքների մասին:
«Քայլերը, որոնք անմիջապես սկսեց ձեռնարկել Սփյուռքը, սպասելի էին: Բողոքի հզոր ցույցեր կազմակերպվեցին աշխարհի շատ խոշոր երկրներում: Միաժամանակ նրանց ակտիվ գործունեության և մեր լոբբիստական կառույցների ակտիվ աշխատանքի արդյունքում էր, որ շատուշատ օտարազգի քաղաքական գործիչներ, հայտնի անհատներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Այս ամենին զուգահեռ՝ ամենակարևորն այն է, որ մեր հայրենակիցները Սփյուռքի տարբեր ծայրերում, սկսեցին կամավորական ջոկատներ ստեղծել, և Հայաստանում ու Արցախում կամավորական այն հզոր շարժմանը, որին ականատես եղանք մենք, միացան նաև սփյուռքահայերը:
Այս օրերի ընթացքում մեր հեռախոսները չեն դադարել զանգեր ստանալուց: Սփյուռքի մեր հայրենակիցներն օգնության ամենատարբեր առաջարկներ են անում՝ սնունդ, հագուստ, զինամթերք…Շնորհակալ լինելով նրանց հայրենասիրության այս մեծ պոռթկումի համար՝ պատասխանում ենք, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից արդեն իսկ բացվել է հաշվեհամար Արցախբանկում, և եթե Սփյուռքում կան մարդիկ, իսկ այդպիսիք, իհարկե, արդեն կան, կարող են փոխանցումներ կատարել: Բարբարոսների ձեռքով մեր գյուղերում ավերվել են շենքեր, շինություններ, որոնք, իհարկե, վերանորոգման կարիք կունենան առաջիկայում»,-ասել է ՀՀ սփյուռքի նախարարը: