Տեղափոխվելու որոշումն անձնական է, ՀՀ Կառավարությունը չի կարող Հալեպում մնացած մեր հայրենակիցներին զոռով բերել. Սագօ Արեան
Գրող, հրապարակախոս Սագօ Արեանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը, թե Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է, և ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի նրանց հետ, նշեց, թե դիտարկումը տեղին է: «Ի՞նչ պետք է աներ նախարարությունը կամ Հայաստանը, երբ ավելի վաղ տեղափոխվելու որոշումն անհատական է: Հիմա ամենակարևորը՝ բոլորին պարզ դարձավ, որ Հայաստանն իր դռները բացել է ու վաղուց է բացել ու ամեն բան կանի, որ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ այդ դժոխքից, օգնության հնարավորություն ստանան և տեղափոխվեն Հայաստան»,-ասաց նա: Ըստ Սագօ Արեանի՝ Կառավարությունը զոռով չի կարող մարդկանց ինքնաթիռների մեջ դնել և բերել:
– Պարո՛ն Արեան, նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարում է, որ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը վտանգված է, և ոչ ոք չի կարող ասել, թե վաղը ինչ կլինի նրանց հետ: Արդյոք հնարավոր չէ՞ր մի քանի տարի առաջ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ սիրիահայերին տեղափոխեին Հայաստան այն ժամանակ, երբ իրավիճակն այսքան աղետալի չէր:
-Նորություն չէ, որ մեր հայրենակիցների կյանքը վտանգի մեջ է, հիմա նույնիսկ այնտեղ այսպիսի խնդիր կա, Հալեպում կոչ է հնչել, որ դպրոցներն այս մի քանի օրերին գուցե փակ պահեն, քանի որ շաբաթ օրը սիրիական թաղամասերից մեկում երեխաներ էին զոհվել։ Այնուամենայնիվ ես չեմ հասկանում Հալեպի մեր ազգային իշխանական մարմինների վերաբերմունքը՝ ո՞նց կարելի է դպրոց բացել, երբ այսպիսի անվտանգության խնդիր կա: Բայց տիկին նախարարի դիտարկումը տեղին է, սխալ բան չի ասում, և բոլորը գիտեն, որ Հալեպը մնում է ռազմական գործողությունների օջախ, և ոչ ոք չի կարողանում կանխատեսել, թե ինչ կլինի, և ոչ ոք չի կարող հովանավորել մեջ հայրենակիցների անվտանգությունը: Ի՞նչ աներ նախարարությունը կամ Հայաստանը, երբ որոշումն անհատական պետք է լինի: Մեղավոր չեն ո՛չ ՀՀ-ի իշխանությունները, ո՛չ էլ Հալեպի հայ համայնքի ղեկավար կառույցի ներկայացուցիչները, քանի որ ոչ ոք չի կարող ասել. մարդն ի՛նքը պետք է որոշի և նախաձեռնի դուրս գալ այդտեղից: Հայաստանն ամեն ինչ անում է՝ իր միջոցներով, նույնիսկ միջազգային դրամաշնորհների միջոցով, հայկական սփյուռքի օգնությամբ, որ տեղափոխման գործընթացը կազմակերպի, բայց շատ հալեպահայեր տակավին կառչած են տարբեր պատճառներով. դա անհատական որոշում է, և ոչ ոք չի կարող հակառակը պնդել կամ մեղադրել: Հիմա ամենակարևորը՝ բոլորին պարզ դարձավ, որ Հայաստանն իր դռները բացել է ու վաղուց է բացել, որ ամեն բան կանի, որ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ այդ դժոխքից, օգնության հնարավորություն ստանան և տեղափոխվեն Հայաստան:
– Իսկ այս պահին ի՞նչ կարող է անել ՀՀ կառավարությունը:
-Մեր Կառավարությունն ի՞նչ պետք է անի, զոռով չի կարող մարդկանց ինքնաթիռների մեջ դնել և բերել: Այդ գործից մի քիչ հեռու գտնվողները մեղադրում էին կառավարությանը, բայց այնտեղից կոնկրետ տեսել են, որ ամեն բան արվում է՝ հայրենակիցների դռները բանալ, տոմսեր ուղարկել, միջամտել: Խնդիրն այն է, որ այնտեղ մնացած 60 000 սիրիահայերից 8000 հոգին երևի լուրջ պատճառներ ունեն, որ չեն գալիս, ֆինանսական պատճառներ կլինի դա, թե կյանքի ապահովության պատճառ, այսինքն՝ այստեղ գործ ունենալ-չունենալու, հարցն այդ է: Կարծում եմ՝ երկու տեսակի խավ մնաց Հալեպում. նրանք, ովքեր անկարող են և չեն կարողանում որոշել, վախենում են դուրս գալ և նրանք, ովքեր, որ կալվածքներ ունեն և ուզում են մնալ և տիրություն անել: Բայց, ես կարծում եմ, դեռ երկար ժամանակի հարց է, և սիրական պատերազմն այս հինգ տարում ցույց տվեց, որ անկանխատեսելի դեպքեր կարող են լինել և ոչ ոք չի կարող հովանավորել մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը:
-Այսինքն՝ այն տեղեկությունը, թե բոլորն են ուզում գալ, բայց հնարավորություն չունեն՝ տեղին չէ՞:
-Նա ով ուզում է գալ, նրանց կոնկրետ ասում են՝ մենք տալիս ենք տոմս, ով գնում է օդանավակայան, ստանում է 105 դոլար։ Բացի այդ, մեկ տարով այսօր տան վարձի խնդիրը լուծված է, և կարող են դիմել «Առաքելություն Արևելք» կազմակերպությանը, նաև «Հալեպ» կազմակերպությունը, Ավետարանական համայնքը, սիրիահայերի խնդիրները համակարգող այլ կազմակերպություններ էլ կան, որոնք որոշ կերպով օգնում են: Իրենք չեն գալիս, ասում են՝ էս երկու օրն էլ սպասենք, տեսնենք՝ ինչ պետք է լինի, այսինքն՝ ոչ ոք չի կարող իրենց փոխարեն որոշել, որ Երևան կամ Բեյրութ, կամ, չգիտեմ, Հալեպից դուրս ուր գնալ, իրե՛նք պետք է որոշեն, մեր փորձից ելնելով եմ ասում:
-Բայց կա՞ նման տրամադրվածություն, որ Հայաստանում կայուն վիճակ չէ, վատ պայմաններ են, գործ են դնում, չի ստացվում և ստիպված են այլ երկիր գնալ:
– Այո, այդ խոսքերը ցանկացած մարդ, որ պատերազմի դաշտից դուրս է գնում, բողոքներ ունենում է, նույնիսկ Շվեդիայում, Մոնրեալում՝ Կանադայում, այսինքն՝ ի՞նչ անի ՀՀ-ի պետությունը, արել է այն, ինչ այլ պետություններ չեն արել: 100 հազարավոր փախստականեր կան Լիբանանում, որոնք ապրում են ահավոր պայմաններում, իրենց արգելված է ժամը 21:00-ից շրջագայել, իսկ ՀՀ-ն ամեն ինչ անում է հնարավորության սահմաններում: Հայաստանն էլ խնդիրներ ունի, և կարծում եմ 3 տարվա ընթացքում սիրիահայությունը պետք է բախտավոր զգա, որ այս պետությունն ունենք, ինչ-որ չունեինք Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, և մեր հայրենակիցներն իրոք գաղթական ու դժվար պայմաններում ապրեցին: ՀՀ-ում նույն վիճակում չեն սիրիահայերը, կարողանում են ապրել ու մի կտոր հաց ճարել, ՀՀ-ի քաղաքացիների մեծ տոկոսն այսօր սոցիալական լուրջ խնդիրներ ունի, ոչ միայն հալեպահայերը:
-Իսկ ունե՞նք վիճակագրություն, թե քանի սիրիահայեր են եկել Հայաստան, և ապա այլ երկրներ տեղափոխվել:
-Հալեպահայ գաղութը 2011թ-ին շուրջ 70 000 էր, այսօր մնացել են 8000 հայեր: 15000-ը Հայաստանում է, շուրջ 15 000՝ Բեյրութում, 8000՝ Հալեպում, մնացյալը տարածված են Շվեդիայում, Կանադայում, նաև այլ արաբական երկրներ են գնացել, որոնց տոկոսը քիչ է: Իսկ կոնկրետ Երևան 25 000 հայ է եկել Սիրիայից, որից 10 000-ն անընդհատ տեղաշարժի մեջ են, մարդիկ կան, գնում են Շվեդիա, չի ստացվում, հետ են գալիս: Պատկերացրեք՝ գնում են այլ երկիր, անձնագիրը՝ ՀՀ-ի տված, ճղում են, բայց իմանում են, որ երկրորդ քաղաքացի են, դուրս են մնում, այդպիսի հարցեր էլ կան, այդ էլ կարևոր հանգամանք է: ՀՀ-ն դարձյալ ոմանց համար տրանզիտ ճանապարհ է այլ երկրներ գնալու, բայց ես վստահ եմ, ոչ թե հայրենասիրական խոսքերից ելնով, բայց ճշմարտությունից ելնելով եմ ասում, որ ՀՀ-ում շատ ավելի հեշտ է կյանք սկսել, քան թե Տորոնտոյում, որտեղ ապրում են որպես գաղթականներ, և դրա հանգամանքով՝ շատ լուրջ սահմանափակումների մեջ են։ Դա էլ պետք է հաշվի առնել, բայց ոչ ոք չի խոսում դրա մասին, որովհետև սիրիահայերը չեն ուզում խոսել, որ Կանադայում իրենք լավ չեն ապրում, շատերը դժգոհ են, բայց ճար չունեն վերականգնելու: Բայց մի գաղտնիք բացեմ, Հայ ավետարանչական ընկերությունը նոր նախաձեռնություն է սկսում՝ բնակարանային համալիրի կառուցում։ Չգիտեմ որտեղ, բայց նպատակն այն է, որ երդիկ ապահովեն, որ հայ սիրիահայերը և՛ աշխատեն, քիչ-քիչ վճարեն, և՛ տան տեր դառնան: Մարդը, ելնելով այն գաղափարից, որ երդիկ ունենա, կարող է նոր կյանքն սկսել. այդ նպատակից ելնելով՝ նման նախաձեռնության մեջ են։ Հույս ունենք, որ կստացվի, և 15 000-ը կդառնա 25 000, և իրենք կապրեն, կաշխատեն այստեղ։ Ես չեմ ասում՝ չպետք է Հալեպ վերադառնան, իրենց խնդիրն է, բայց տեղյակները շատ լավ գիտեն, որ Հալեպը շատ վատ վիճակում է և վերադառնալու համար դեռ երկար պրոցես է պետք, ինչն անորոշ է՝ Հալեպն ո՞ւմը կլինի՝ ընդդիմություն, թե Սիրիայի իշխանությանը: Այդ ընթացքում կարևոր է ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը: