Զգոնության կոչ` ուղղված համայն հայությանը

 «Դու  ի՞նչ  ես    անում    Ղարաբաղի   համար»  համահայկական  նախաձեռնության  մասին իմացա  ՀՀ  Սփյուռքի  նախարարության  «Հայերն   այսօր»  պարբերականից: Սա  հենց այն է, որը  նպատակ ունի  ապահովելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը, իսկ  այն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի հավաքական ներուժը, նրանց համախմբվածությունը,  պետք  է ազգը  միավորվի   մեկ գաղափարի շուրջ, ապահովվի    քաղաքացիների անվտանգ ու բարեկեցիկ  կյանքը:

Սա զգոնության կոչ  եմ համարում` ուղղված համայն հայությանը,   և  հարցը միանգամայն զգաստացնում  է բոլորիս, թե ինչ  է  անում մեզանից յուրաքանչյուրն այս մի բուռ  հողի համար…Բայց  ի՞նչ  եմ անում  ես… Ես`  սահամանամերձ  դպրոցի ուսուցչուհիս, որ ապրում եմ  Մարտակերտում, դասավանդում Արցախյան ազատամարտի  նվիրյալ   Վլադիմիր Բալայանի  անունը կրող  միջնակարգ  դպրոցում:

Մեր սահմանամերձ բնակավայրում   այսպես գոյատևելու ապրելակերպը  այդ մենք չենք  ընտրել,  այստեղ բոլորս  էլ մեծից  փոքր  նվիրյալներ  ենք: Ապրելու իրավունքը  սահմանի մոտ վերաճում է, ինչ գնով էլ լինի, կյանքը փրկելու ճակատագրական մտասևեռման, մարդագիտության մեջ մի նոր մարդ է ծնվում, որ համառորեն կառչում է նաև հողից, որ փրկի այն, ազատ ապրելու իրավունքը գերխնդիր է դառնում  այստեղ:  Սահմանին մոտ  հողի` արկերից ճաքճքած հառաչանքներն են մեզ հասնում, և զգում ենք, որ այդ պահին մարդը հերոսանում է ոչ միայն պատերազմի առաջին գծում, այլ իր հարազատ հողի վրա, և մարդու մեջ խոսում է հողի ձայնը:

Երբեմն քայլերս ինձ տանում են մեր բնակելի շենքի նկուղը, որ   ապաստարան է կոչվում, գարշահոտ կա այնտեղ, բորբոսնած պատեր, անչափելի խոնավություն, նույնիսկ կրծողներ, բայց մթության մեջ պատերն եմ խարխափում,  որ  գտնեմ  այն  լույսը, որ պահում է  մեզ այստեղ: Իսկ դպրոցում պատերազմ տեսած երեխաներ  են իմ առջև, իսկ  նրանց  հետ   երբեմն հոգու ալեբախություն եմ ապրում…

Երբ կրակոցներն ուժգնանում են, իմ գրական հերոսներին զուգահեռվում են նոր օրերի զինվորների իրական կերպարները, մայրական թեմաս վերջանում է նրանց տունդարձին սպասող մայրերի աղոթքով, սիրային քնարերգության վերլուծությունն ամբողջանում է զինվորին ուղղված սիրո հուզառատ խոսքերով… Այդ պահերին ուզում եմ գրկել մի բառ, որ ինքնին լույս է արձակում, և  ամեն անգամ հուզախռով հոգիս ամուր գրկում է մի լուսավոր կյանք,  որ պատնեշ դարձնի սահմանից եկող կրակոցներին…

Սերնդի ճակատագրի  համար մտահոգ` ամեն անգամ  նորից ու նորից համոզվում եմ, որ անկոտրում է կամքը հայի, հավատով լեցուն ու հաստատակամ  և  միայն հող հայրենիի նկատմամբ անսահման սիրո զգացողություն ունեցող սերունդը   կարող էր այսպես գրել. «Շատ բան չեմ հասկանում ռազմական արվեստից, բայց լավ եմ ճանաչում մարդկային ազնիվ հոգին ու անսասան կամքը: Մենք բոլորս, անկախ մեր սեռից, երդվյալ զինվորներն ենք այս սուրբ հողի, մեր ընկերներից շատերն էլ այսօր մեզ հետ կլինեին, եթե կյանքը նրանց համար, որպես արժեք, ավելի բարձր լիներ, քան զոհվելը հայրենիքի համար: Ես մտքով անգամ չեմ կարող ինձ պատկերացնել առանց հայրենիքի, Արցախ աշխարհի սահմաններն ամեն օր հայ զինվորի արյամբ են գծվում, ու այդ գիծը պահելն ու պահպանելը մեր բոլորիս սրբազան պարտքն է»: /Ջավադյան Վարդուհի/

Թեթևանում   է   հոգիս, ուրեմն հայրենասիրության զգացումն    ուղեկցում է սերունդներին` որպես անմնացորդ նվիրում, որպես ազգային տեսակը չկորցնելու հոգեկան կերտվածք:   Իսկ մենք`  Արցախի սահմանամերձ  բնակավայրում ապրողներս, որ  ընտրել ենք այս  դժվարին ճանապարհը,   ապրելու    ու   հարատևելու  պատգամը մեր հոգում`  համայն հայության միասնությունն ենք ուզում,  ատում  ենք  այս   չարաղետ  պատերազմը   և  խաղաղություն  ենք երազում:

 Նատաշա  Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

Scroll Up