Ինձ թվում է` որբ է այն հայը, ով հեռու է իր հարազատ հողից
Շարունակվում են իմ աշակերտների արձագանքները Սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական նախաձեռնությանը: Յուրաքանչյուրի հոգում անկեղծ զգացողությամբ սիրո ու անկնածանքի խոսքեր կան հող հայրենիի հանդեպ, սեր, որ նրանց պահում է այս արկերից ճաքճքած հողում: Տողերի մեջ ամփոփված այդ սերը կարծես արձագանքում է հեռուներում գտնվող հայության կարոտին, որ անչափելի է, կսկիծով լի:
«Ես շատ հպարտ եմ, որ ապրում եմ Արցախում, հպարտ եմ, որ հայ եմ` Նոյի թոռը, այն սուրբ հողի ծնունդը, որտեղից սկսվեց մարդկության երթը: Ինձ թվում է` որբ է այն հայը, ով հեռու է իր հարազատ հողից: Օտարությունը թախիծ է, կարոտ ու տառապանք, իսկ ես ուժեղ եմ, երջանիկ, որովհետև իմ հայրենիքում եմ: Երբեմն ինձ հարց եմ տալիս, թե ինչ եմ անում ես իմ երկրի համար: Ասեմ, որ առայժմ ես ապրում եմ կռվախնձոր դարձած մեր հողի վրա, որ թշնամուց հեռու է ընդամենը մի քանի կիլոմետր: Թվում է` ես դրանով ոչ մի օգուտ չեմ տալիս իմ հայրենիքին, բայց արի ու տես, որ ես, ապրելով այստեղ, հույս եմ տալիս սահմանին կանգնած զինվորին: Ապագայում իմ ամենամեծ երազանքը և նաև կյանքիս նպատակն է` իմ երկիրը զարգացած տեսնել: Ես և իմ սերնդակիցները պարտավոր ենք ապրել ու աշխատել Արցախում, շենացնել այն, հպարտանալ ու գնահատել մեր բոլոր նվաճումները և միշտ հիշել, թե ինչպիսի ճանապարհ է անցել բազմաչարչար իմ ժողովուրդը»:
Իննա Բաղրյան` 12-րդ հումանիտար դասարանի աշակերտուհի: Նա անսահման հպարտ է, որ սովորում է Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում և նպատակ ունի իր գիտելիքներով ու կարողություններով ապագայում նպաստելու հարազատ ժողովրդի զարգացմանն ու հզորացմանը: «Իմ ընկերների հետ կառուցելու եմ մեր հրաշք երկիրը, նրա ապագան: Լսելու եմ նրա սրտի ջերմ թրթռոցը, մուրճերի զնգոցին խառնված համակարգիչների կտկտոցը, եկեղեցական զանգերի սրբասուրբ ղողանջները, քարերին ծաղկած շատրվանների մրմունջը, արևի տաքուկ համբույրից շիկնող մրգերի հյութեղ շշուկը:
Տե’ր Աստված, Արցախն իմն է, իմը…Իմն են նորաբաց ակոսի զգլխիչ բույրը, զմրուխտ այգիների փափուկ սոսափը, արծաթահեր մատյանների ազնվաշող գրերը, հնձաններից արցունք-արցունք գլորվող անապակ կաթիլների բուրմունքը, ողջ Արցախ աշխարհը: Ես և իմ սերնդակիցներն ենք այս ամենի տերը, մեզանից է կախված Արցախի ապագան ու հզորությունը: Ասում են, երբ մարդ հանդիպում է դժվարությունների ու փորձությունների, այդ ժամանակ էլ մեծանում է: Քառօրյա պատերազմը մեզ համար և’ փորձություն էր, և’ դժվարություն, քանզի այն մեզ ստիպեց գնահատել հայրենիքի ու հարազատ տան քաղցրությունը: Իմ գիտակցության մեջ հիմա «հարազատ հող» և «հարազատ հայրենիք» արտահայտություններն ավելի լայն իմաստ ունեն, ինչպես մայրը: Մոր նման քաղցր է այն հողը, որի վրա հիմա ես քայլում եմ և ապրում: Արցախն իմն է, ու ես պարտավոր եմ պայքարել նրա անկախության համար»:
Հայացքս հառում եմ բոլոր աշակերտներին…Արցախում ապրելու և արարելու հաստատակամ մի վճիռ դրոշմված է նրանց դեմքերին, և ես հպարտ եմ ու հավատում եմ, որ այս սերունդը արյամբ ներկված մեր հողի վրա բոլորիս համար պիտի կառուցի ազատ ու անկախ մի գողտրիկ աշխարհ:
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի