Ես քո ամեն մի քարին նոր քար կդնեմ. մարտակերտցի 12-րդ դասարանի աշակերտուհու մտորումները ծննդավայր Արցախի մասին

Ընթերցում եմ 12-րդ  հումանիտար  դասարանում սովորող իմ աշակերտուհու`  Լադա Արզումանյանի  ստեղծագործական մտորումները:   Նա  իր մտածումներն  է արտահայտել`  արձագանքելով  ՀՀ սփյուռքի նախարարության «Դու  ի՞նչ   ես անում Ղարաբաղի համար»  համահայկական նախաձեռնությանը:

Ղարաբաղը  բոլորի համար դրախտ մի երկիր  է, նրա  երկինքն էլ ասես  անչար  ու անաչառ  արցախցու  հոգին, էությունն ու  խառնվածքն  են: Մի  երկիր, որ հասցրել  է իր իմաստության  չնչին մասը ցույց տալ, բայց այն դեռ  դուրս  կհորդի  ու  «կպայթեցնի»  ամբողջ  աշխարհը:

«Ես  քո մասնիկն  եմ`  քո հողեղեն մասնիկը, ում երակներում հոսում է հայրենասիրության, ազգասիրության, հերոսանալու  վեհ  գաղափարներով  շաղախված  արյունը:   Ես ամեն օր ապրում եմ քո օրով, արթնանում եմ քո գրկում  ու  ինձ  բավարարված եմ  զգում  քո բույրով, քո բարի մարդկանց ժպիտներով,  անգամ` նրանց   բազմաչարչար   ու հոգնատանջ  դեմքերով:

Ես  քո ամեն մի քարին  նոր քար կդնեմ, որպեսզի շենացնեմ իմ երկիրը, քո փլատակները մոխիրների միջից  նորից վեր կհառնեն,  ու նորից  կշենանա իմ  երկիրը: Այսօր  միայն լավ սովորելով ու    լավ մարդ դաստիարակվելով  կարող  եմ քեզ օգնել, մտածել քո վաղվա օրվա համար, հոգալ քո ցավերը:  Քո`  լեռնցու  ոգով դաստիարակված    առյուծասիրտ  զավակները  չեն թողնի, որ  ոխերիմ թշնամին ոտք  դնի այս հողի վրա:  Ուզում եմ քեզ ապավինել, լինել միշտ  քո գրկում, համբուրել  քո սուրբ պապենական խաչքարերը, արժանանալ  սուրբ նահատակների  արյամբ  օծված  հողին:

Իմ սիրասու’ն Արցախ, շատ  եմ երազում լինել քո արժանի զավակը:  Ես  տառապում եմ քո տառապանքով, ուրախանում ու  հպարտանում  քո զավակների  սխրանքներով: Ապրելով սահմանին  այսքան մոտ բնակավայրում`  ես միշտ քեզ հետ  եմ, իմ ու քո զինվորի կողքին:  Ականատես լինելով ապրիլյան պատերազմին`  իմ մեջ  մեծ ցանկություն  առաջացավ`  այցելել  մերօրյա բոլոր նահատակ հերոսների շիրիմներին  ու  երախտիքի խոսք ասել  նրանց, որ  իրենց շնոհիվ ապրում ենք  այստեղ`  Ացախի  մայր հողում»:

Իմ աշակերտուհու`  վերջերս  ինձ  ուղարկած  նկարին եմ նայում, բայց չեմ ուզում այս մտորումների հետ  տեսանելի դարձնել  այն ժպտերես  աղջկան:  Գտնում եմ այս մեկը,   ու բոլորիս աղոթքների  մրմունջն եմ լսում, որ մոմերի առկայծող  լույսերի   տակ դեպ  երկինք` առ  Աստված     են   հղվում  հարատև  խաղաղության մասին  ամենքիս երազանքները:

Նատաշա  Պողոսյան    

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ

դպրոցի  հայոց  լեզվի և գրականության ուսուցչուհի

 

Scroll Up