Շնորհակալություն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այս նախաձեռնության Համար. ՌԱԿ «Միրաք»
ՌԱԿ-ի «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման վարչությունը, մեծապես գնահատելով ՀՀ սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի` հանուն Արցախի մեկնարկած ողջունելի նախաձեռնությունը, արձագանգեց ՀՀ սփյուռքի նախարարության «Դու՛ ի՞նչ են անում Ղարաբաղի համար» համահայկական կոչին և որոշում կայացրեց միանալ շարժմանը:
Արցախի և նրա ժողովրդի տնտեսական և հասարակական պայմանների բարելավմանը նվիրված շարժման շրջանակներում իրականացնելիք գործունեությունների որպես սկիզբ` «Միրաք»-ի վարչությունն իր անդամների հետ կազմակերպեց այցելություն «Եռաբլուլ» պանթեոն:
ՌԱԿ-ի պատանեկան-ուսանողական շարժման անդամները նոյեմբերի 20-ին նախ հավաքվեցին Թեքեյան կենտրոնում, ուր շարժման պատասխանատու, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Գարադանյանը միրաքյանականներին պատմեց նախարարության այս ողջունելի նախաձեռնության մասին, որից հետո պատանիները մեկնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Միրաքյանականները հավաքվելով «Նահատակաց հուշակոթողի»-ի առջև՝ բարձրացրեցին «Դու՛ ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման պաստառները և մեծ ոգեշնչությամբ երգեցին Թեքեյանի քայլերգը: Այնուհետև նրանք շրջայց կատարելով «Եռաբլուր» պանթեոնում, այցելեցին Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների և ԱՍԱԼԱ-ի մարտիկների շիրիմներին:
«Միրաք»-ի անդամներին ուղեկցում էին ՌԱԿ-ի կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բըլըխյանն ու Սիլվա Բըլըխյանը:
Լևոն Բըլըխյանը կանգ առնելով ՌԱԿ-ի պատվավոր անդամներ Արամայիս Օհանյանի և Հրաչ Լուսինյանի շիրմաքարերի առջև՝ անդամներին ամփոփ բացատրություն տվեց նրանց մասին: Այնուհետև պատանիները խոր երկյուղածությամբ այցելեցին Արցախի ապրիլյան պատերազմի նահատակ-հերոսների գերեզմաններին և խունկ վառեցին Արցախի պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, Մարտակերտում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի շիրիմին, որը հետմահու արժանացել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և «Ոսկե արծիվ» շքանշանին: