ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները միացել են «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը
Կալիֆորնիայի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաները ամեն տարի իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկանում Հայաստանում՝ այցելելով հայրենի բնօրրանի տեսարժան վայրերը, ինչպես նաև իրականացնելով կամավորական աշխատանք: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացրեց դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի խորհրդատու Աննա Եարալեանը:
Ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը ցնցեց ողջ հայությանը, այդ թվում՝ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի աշակերտությանը: Դպրոցի «Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի աշակերտների նախաձեռնությամբ տեղի ունեցավ դրամահավաքը, որի հասույթը տրամադրվեց քառօրյա պատերազմի ընթացքում զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:
Հայաստան այցելության ընթացքում աշակերտները այցելեցին հերոսների ընտանիքներին՝ տարբեր միջոցառումների արդյունքում գոյացած 6200 դոլար գումարը նրանց հանձնելու նպատակով: Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների համար կյանքի դասեր պարունակող ու պարտավորեցնող այս այցելությունները երկուստեք շատ հուզիչ էին:
Դրամահավաքի ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց դպրոցի ղեկավարության կողմից, որոշվեց մյուս տարի ևս իրականացնել նման ծրագիր «Օգնենք սիրիահայությանը» խորագրի ներքո:
«Օգնենք մարդկությանը արվեստի միջոցով» խմբակի համանախագահներն են Ալեքսանդրա և Լիլիա Եարալեանները, իսկ փոխնախագահները՝ Էլիզաբեթ Չոլաքեանը և Նաթալի Մոմճեանը: