Ամերիկայի և Կանադայի Թեքեյան մշակութային միության օգնությունը հասավ քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների ընտանիքներին

Ուղեկցությամբ Մասիս քաղաքի ՀՌԱԿ-ի կողմից ավագանու թեկնածու Սուսաննա Ղազարյանի՝ առաջին ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք, Արարատի մարզի Մասիս քաղաքի զինկոմիսարիատից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Աղասի Սարմենի Ասատրյանի ընտանիքն էր: Աղասը ապրում էր ծնողների, քրոջ, տատիկի հետ հին, խարխլված տանը: Տատիկն ասաց որ նա առանձին սենյակ չուներ, բայց չէր նեղվում, ասում էր՝ գնամ բանակ, գամ, կաշխատեմ և նոր տուն կկառուցեմ, անձնական սենյակ կունենամ, կամուսնանամ: Նա ցույց տվեց այն բազմոցը, որի վրա քնում էր Աղասը:

Հայրը պատմում էր, որ Աղասը փոքրուց քաջ տղա էր, չէր վախենում բանակ գնալուց.. Աղաս Ասատրյանը մահացել է ապրիլի 2-ին Թալիշ գյուղում: Հրամանատարը ջերմադիտակով դիտարկում կատարելիս, մոտ տարածությունում հայտնաբերելով հակառակորդի մեծաքանակ ուժերի կուտակումները, կազմակերպել է շրջանաձև պաշտպանություն: Տղաների խիզախության շնորհիվ՝ հաջողվել է պահել դիրքը, բայց ոչ երկար…

Իրենց ասվել է, որ պետք է նահանջել, սակայն Աղասին մնալով մարտնչել է և կրակել մինչև վերջին փամփուշտը, ինքը զոհվել է՝ փրկելով ընկերների կյանքը: Թշնամին, գտնելով նրա անկենդան մարմինը, խոշտանգել է… Հայրը` Սարմեն Ասատրյանը, պատմում էր, որ ՀՀ ՊՆ դատաիրավական մարմիների հետ հայց են ուղարկել Եվրոդատարան, ներկայացրել են խոշտանգումների վերաբերյալ մանրամասնություններ: Նա ասաց, որ ԼՂՀ բանակի հրամանատարության հրավերով այդ դիրքում զոհվածների ծնողներով գնացել են այդ վայրը, խոսել են ողջ մնացած ընկերների հետ, տեղադրել հիշատակի խաչքար:

Տան վերին անկյունում՝ Աղասիի անկյունում, մենք տեսանք իր ծառայության ընթացքում ստացած մի շարք շնորհակալագրեր և շքանշաններ, ջարդուփշուր եղած հեռախոսը և այլ անձնական իրեր, որոնք հորն էին փոխանցել ընկերները: Ընկել է հերոսի մահով:

Հաջորդ ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք, Արարատի մարզի Մասիս քաղաքի զինկոմիսարիատից զորակոչված, 1996 թվականին ծնված Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյաննի ընտանիքն էր: Հենրիկ Ղահրամանյանը ապրում էր երկու սենյականոց բնակարանում: Ընտանիքը Մասիս քաղաք է տեղափոխվել վերջերս, նրանք ապրում էին Ռուսաստանում, իրենց համեստ բիզնեսն ունեին, Հայաստան էին եկել, որպեսզի որդին ծառայության անցնի Հայոց բանակում: Նա միշտ ասել է, որ ինքը պետք է զինվորական ծառայությունը անցնի հայրենիքում:

Ապրում էր ծնողների և քրոջ հետ: Մայրը պատմում էր, որ իրենք զարմացած էին, երբ իրենց պատմել են, թե իրենց թուլակազմ տղան ինչ կատաղի մարտի է բռնվել թշնամու կողմից անակնկալ գրոհի ժամանակ: Զոհվելուց մեկ ամիս առաջ նրան տրամադրել էին փոքրիկ արձակուրդ քրոջ նշանադրությանը մասնակցելու համար: Շատ ուրախ ու գոհ էր իր ծառայությունից և ընկերներից … Ռուդոլֆը մահացել է ապրիլի 2-ին <Սիս> վաշտի հրամանատարական դիտակետի մատույցներում ծավալած մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտում, թշնամուն մեծաքանակ կենդանի ուժի կորուստ են պատճառել ու ընկել քաջի մահով:

Երրորդ ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք, Արարատի մարզի Մասիսի զինկոմիսարիատի Դարբնիկ գյուղից զորակոչված 1996 թվականին ծնված շարքային Ժորա Արթուրի Եսայանի ընտանիքն էր: Ժորա Եսայանը ապրում էր ծնողների, տատիկի և երկու եղբայների հետ: Կրտսեր եղբայրը նույնպես բանակում է, իսկ փոքրը 14 տարեկան է: Փոքրուց նա մարզվում էր ու ֆիզիկապես ամուր մարմին ուներ, մայրը`Մարինեն, պատմում էր. «ժորան բանակ գնալու առիթով ազգակաների հետ հրաժեշտի հավաքույթի ժամանակ բոլորին ասում էր` գնամ թուրքերին հարյուրներով սատկացնեմ, գամ հանգիստ ապրենք: Իր ուժերի վրա վստահ, քաջարի ու համարձակ էր Ժորան, բոլորովին չէր վախենում և ուզեցել է Ղարաբաղում ծառայի: Եվ ճակատագրի բերումով ծառայության է անցնում հենց Ջաբրայիլում: Մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել. ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Դիրքերում ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է, սակայն, հայտնվելով ծուղակում, մինչև վերջին փամփուշտը կրակել է ու ընկել քաջի մահով: Ժորա Եսայանը մահացել է ապրիլի 2-ին, իսկ կտտանքների ենթարկված, խոշտանգված, գազազած թուրքի կողմից հոշոտված դիակը Կարմիր Խաչի օգնությամբ փոխանակվել է ապրիլի 10-ին: Ժորայի հեռախոսը հայտնվել է թշնամու ձեռքին, նրանք զանգահարել են ծնողներին և ասել, որ նա իբրև կենդանի է, և որ իրենք մորթում են նրան, բայց իրականում նա արդեն մահացած է եղել:

Օրվա վերջին ընտանիքը, որտեղ մենք այցելեցինք,Արարատի մարզի Մասիսի զինկոմիսարյատի Այնթափ գյուղից զորակոչված, 1991 թվականին ծնված ավագ լեյտենանտ Աշոտ Շավարշի Զոհրաբյանի ընտանիքն էր: Նա պայմանագրային ծառայության է անցել՝ սիրելով զինվորական գործը: Նա ապրում էր ծնողների և քույրերի հետ: Կենսախինդ էր, ռազմական գործի լավ գիտակ, իր հրամանատարության ենթակա զինվորները սիրում ու մեծարում էին նրան: Նա նշանվել էր իր մահանալուց երեք ամիս առաջ, այս աշնանը պետք է ամուսնանար: Իր իմաստուն ռազմավարական քայլերի հետևանքով իր դիրքում ոչ մի զինվոր չի մահացել: Դիրքի ամենավտանգավոր վայրը հսկելու ինքն է գնացել՝ խնայելով անփորձ զինվորին: Ըստ նախնական տվյալների՝ Աշոտ Զոհրաբյանը հակառակորդի կողմից արձակված ՍՎԴ տիպի զենքի կրակոցից գլխի աջ շրջանում ստացել է մահացու հրազենային գնդակային վիրավորում: Գյուղական համայնքը ի պատիվ նրա վառ հիշատակի՝ տեղադրել է խաչքար-հուշաքար, որի պաշտոնական բացմանը մասնակցեցինք նաև մենք: Բոլոր զինվորները հետմահու պարգևատրվել են ԼՂՀ և ՀՀ արիության շքանշանով:

Գայանե Մուրադյան

«Հայերն այսօր»

Scroll Up