Չեխահայերի բողոքը՝ ի պաշտպանություն Արցախի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/435.jpg)
Ապրիլի 16-ին Պրահայում չեխահայ համայնքը՝ «Ուրարտու» հայ-չեխական միության և «Ապրիլ 24» կոմիտեի նախաձեռնությամբ, բողոքի ցույց էր կազմակերպել՝ զորակցելով Արցախին և Հայոց բանակին:
«Բողոքի ցույցին միախմբված 200-ից ավելի հայ մասնակցեց ոչ միայն մայրաքաղաք Պրահայից, այլև Բռնո, Յիհլավա, Ուստի-նադ-Լաբեմ, Տեպլիցե և Ժդառ-Նադ-Սազավո քաղաքներից, որոնց թվում էին 10 հայկական կազմակերպությունների անդամներ: Ցույցը 700 մետրանոց Եռագույնով, պաստառներով և ադրբեջանական վայրագությունները դատապարտող կոչերով սկսեցինք Պրահայի Ստառոմեստսկի հրապարակից, որը մայրաքաղաքի զբոսաշրջային հայտնի վայրերից է»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը և հավելեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու են՝ աշխարհին իրենց արդար պահանջը լսելի դարձնելու և Ադրբեջանի նախահարձակ, սադրիչ գործողությունները կանխելու համար:
Ցուցարարների բազմությունը հրապարակից շարժվել է դեպի Եվրախորհրդարանի ներկայացուցչություն և Չեխիայում ՌԴ դեսպանատուն: Օրն ամփոփվել է Պրահայի հայկական Սուրբ Հոգի եկեղեցու հանդիսությունների սրահում, որտեղ բոլորը դիտել են «Ղարաբաղի վերքերը» ֆիլմը: Նշենք, որ նույն օրը Չեխիայում ապրող ադրբեջանցիները նույնպես բողոքի-ցույց են կազմակերպել, որին գրեթե 30 մարդ է մասնակցել:
Պարոն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ ապիլի 6-ին քննարկումների արդյունքում համայնքային ներկայացուցիչներով բողոք-նամակ են հղել Չեխիայի նախագահին, վարչապետին և խորհրդարանի երկու նախագահներին՝ կոչ անելով օգտագործել բոլոր հնարավորությունները՝ դադարացնելու Ադրբեջանի ռազմական նկրտումները և վերջ տալու ԼՂՀ-ի բնակչության մարդու իրավունքերը կոպտորեն ոտնահարելու շարունակական գործողությունները:
Հավելենք նաև, որ Չեխիայում ՀՀ դեսպանատանը և եկեղեցում Արցախում սկսված լարված իրավիճակից հետո համայնքային ներկայացուցիչներով ամեն շաբաթ հանդիպում են կազմակերպում՝ քննարկելու համար Արցախին օժանդակություն տրամադրելու հետագա ծրագրերը: Իսկ Յիհլավայի հայ երիտասարդների թևը Արցախյան հիմնախնդրին նվիրված սեմինար է կազմակերպել, որտեղ խոսվել է ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության և դրանից բխող հետագա վտանգները վերացնելու անհրաժեշտության մասին: Սեմինարին մասնակցել են նաև չեխ երիտասարդները: