Տեղի ունեցավ քննարկում՝ «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» թեմայով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Levon.jpg)
Նոյեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը «Անի» հյուրանոցում մասնակցեց ՍԴՀԿ Հայաստանի վարչության և ՌԱԿ-ի կողմից կազմակերպած «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» թեմայով քննարկմանը: Միջոցառմանը ներկա էին ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ոլորտի մասնագետներ, սիրիահայեր:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը ներկայացրեց սիրիահայերի փաստաթղթային, սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական, աշխատանքի տեղավորման և բնակարանային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ նախորդ տարիների ընթացքում ՀՀ կառավարության՝ ի մասնավորի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք կրում են շարունակական բնույթ: Նա նշեց, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրների և աջակցության ծրագրերի համակարգումն իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը: ՀՀ վարչապետի որոշմամբ 2013թ. ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են պետական մարմինների, գերատեսչությունների և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի գործունեության արդյունքում կատարվել են փոփոխություններ ՀՀ երկու օրենքներում, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, այլ իրավական ակտերում, համապատասխան լուծումներ են տրվել գրեթե բոլոր խնդիրներին:
Անդրադառնալով այն տեսակետին, որ սիրիահայերի մեծ մասը հակված է ՀՀ-ում չմնալու, և մեծ հոսք կա դեպի Կանադա և Սկանդինավյան երկրներ, Լևոն Անտոնյանը նշեց. «Սիրիահայերը, ովքեր գնացին Կանադա և այլ երկրներ, ունեցան ավելի շատ դժվարություններ, քան Հայաստանում հաստատվածները, որովհետև ի վերջո սա իրենց Հայրենիքն է, իրենք այստեղ օգտվում են ՀՀ քաղաքացու իրավունքներից, իսկ փախստականը որոշակի փուլեր պետք է անցնի Եվրոպայում, Կանադայում, որ ինտեգրվի նրանց հասարակությանը: Ի վերջո՝ Հայաստանում հաստատված ոչ մի սիրիահայ չի ապրում վրանի տակ»:
Լևոն Անտոնյանը անդրադարձավ նաև սիրիահայերին տրվող ֆինանսական, հումանիտար, նյութական օգնությանը և դրանց բաշխման մեխանիզմներին:
Սիրիահայ համայնքի, Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ ելույթ ունեցան ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը, փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը և այլք: