Սիրիահայ փոքրիկներին բաժանվեց Հայաստանից ուղարկված օգնությունը
Նոյեմբերի 7-ին Հալեպի հայկական բոլոր մանկապարտեզների սաներին և Ազգային միացյալ նախակրթարանի՝ Սահակյան, Գյուլբենկյան, Հայկազյան, Զավարյան վարժարանների առաջին, երկրորդ, երրորդ դասարանների աշակերտներին Հալեպի շտապօգնության և վերականգնման մարմինը բաճկոններ է բաժանել, որոնք Հայաստանի կառավարությունը Սիրիա էր առաքել մարդասիրական օգնության շրջանակներում: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Հալեպի հայկական համայնքից:
Ըստ աղբյուրի՝ երեխաների ուրախությունն ու ոգևորությունն ակնհայտ է եղել և նրանք իրենց շնորհակալությունն ու սրտի խոսքն են հայտնել այս նախաձեռնության համար: Բերիո թեմի մամուլի խոսնակը նաև հավելեց, որ մնացած բաճկոններն առաջիկայում կբաժանվեն բարձր դասարանների աշակերտներին:
Համայնքից տեղեկացրեցին նաև, որ Հալեպում իրավիճակը խաղաղ է, հայկական թաղամասերում պայթյուններ չեն նկատվում, միայն շարունակվում են դժվարին մնալ կենցաղային պայմանները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա էր առաքվել 40 տոննա մարդասիրական օգնություն, որից 10 տոննան նախատեսված էր Դամասկոսի և ծովափնյա շրջաններում ապրող ժողովրդի համար, 30 տոննան՝ Հալեպի:
Հոկտեմբերի 7-ին «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին» մակագրությամբ բեռները հասել են Հալեպ: Oժանդակության բաշխումը հանձնարարվել էր Սիրիահայության շտապ օգնության և վերականգնման մարմնին: