«Ձեր յուրաքանչյուր հնչյունն արձագանքելու է 10 միլիոն հայության հոգում». տեսանյութ

Նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանy, ավանդույթի համաձայն, ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանին ու Անահիտ Ադամյանին և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար  Գոհար  Գասպարյանին:

Այս տարի փոքրիկ եգչուհիները մրցույթին կներկայացնեն Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգը: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար ընտրվել է հատկապես այս երգը, որն ի հայտ է բերում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն ու պայքարը: Երգն ավարտվում է ժպիտով ու սիրով և դառնում է նրանց միասնականության առանցքը:

Ողջունելով շնորհալի երգչուհիներին՝ Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց նրանց՝  նշելով. «Նման հեղինակավոր մրցույթին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է և ես շնորհավորում եմ ձեզ՝ այդ առթիվ: Ակնհայտ է, որ դուք իսկապես շնորհալի եք, ունեք տաղանդ ու բեմական կեցվածք և ուզում եմ վստահ լինել, որ բեմում կկարողանաք այնպես երգել, որ բոլորը հիանան Հայաստանի ներկայացուցիչներով:  Պետք է հիշեք, որ ձեր  հաջողությանը սրտատրոփ սպասելու են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ որ հայ կա, որ ձեր յուրաքանչյուր հնչյունն արձագանքելու է 10 միլիոն հայության հոգիներում»:

Նախարարն իր խոսքում բարձր գնահատեց ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսության դերը, այնպես էլ Գոհար Գասպարյանի ջանքերը՝ «Եվրատեսիլ»- ում Հայաստանը պատշաճ ներկայացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց. «Շատ լավ է, որ կան ավանդույթներ և այդ ավանդույթները պահպանվում են: Ամեն անգամ, երբ մրցույթի մեկնելուց առաջ մենք գալիս ենք սփյուռքի նախարարություն՝ կարծես ուժ ենք առնում Ձեր խոսքերից ու  քաջալերանքից: Այդ ամենը պարտավորեցնող է, և մենք ամեն ջանք կգործադրենք արդարացնելու Ձեր սպասումները»:

Այնուհետև, գեղեցիկ կատարումներով, խելացի և հուզիչ խոսքով հանդես եկան Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը նրանց ծաղիկներ ու գրքեր նվիրեց՝ մաղթելով հաղթական վերադարձ Մալթայի մայրաքաղաք Վալետտայից, որտեղ նոյեմբերի 20-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը:

handipum4handipum5handipwum2

Scroll Up