Լույսի թագավորության բարի քրմուհին՝ Ժանին Սրուրյան

Սիրիական պատերազմի պատճառով հազարավոր սիրիահայեր հաստատվել են Հայաստանում: Շատերը հաջողությամբ աշխատում են տարբեր բնագավառներում: Սիրիահայ ակնաբույժ Ժանին Սրուրյանը Հայաստան է տեղափոխվել  ամիսներ առաջ, Երևանում ակնաբուժական  կլինիկա է հիմնել:

Նրա հետ զրուցելու նպատակով այցելեցինք Srourian eye centre  կլինիկա: Գերժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկան իսկական լույսի թագավորություն է, որի քրմուհին շռայլորեն աչքի լույս է նվիրում մարդկանց: Փոքրամարմին, գեղեցկատես Ժանինը բժշկական կրթությունը ստացել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է Սիրիայում, 18 տարվա աշխատանքային փորձ ունի: Աշխատելուն զուգահեռ՝ շարունակ կատարելագործվել է արտասահմանում:

Ժանի՛ն, այսօր Սիրիայում շատ ծանր իրավիճակ է, ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում մտահոգված է Սիրիայի ժողովրդի՝ հատկապես, սիրիահայերի ճակատագրով: Սիրիան առաջին երկիրն էր, որ ապաստան տվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներին: Սիրիայում մենք հզոր, ավանդական համայնք ունեինք, այսօր այն թուլացել է, օգնության, աջակցության կարիք ունի: Դու ինչպե˚ս ես տեսնում այդ իրավիճակի հանգուցալուծումը, համայնքի ապագան:

– Ես հավատում եմ, որ մի օր պիտի ավարտվի այս պատերազմը և պիտի դուրս գանք այս վիճակից, հաղթական պիտի դուրս գանք: Ամեն ինչ սկիզբ ունի և վերջ ունի: Նույնիսկ համաշխարհային պատերազմը մի օր ավարտվեց: Ես հավատում եմ, որ կավարտվի: Եթե կարդաս Սիրիայի պատմությունը, ապա կհամոզվես, որ պատերազմներ հաճախ են եղել, և միշտ կարողացել են պատվով դուրս գալ այդ վիճակից, կառուցել երկիրը, պահպանել միասնությունը: Միայն ժամանակ է պետք:

– Ինչ ես կարծում, եթե Սիրիայում խաղաղություն լինի, սիրիահայերը նորից կվերադառնա˚ն Սիրիա:

– Ես կարծում եմ, որ ինչ որ գաղտնիք կա այդ երկրի մեջ, ձգող մի ուժ, հոգեպես կապված ենք: Դա նոր ենք զգում: Շատ հետաքրքիր զգացողություն է, որ բացարձակապես չէի ունեցել նախքան պատերազմը: Շատ լավ ժողովուրդ են սիրիացիները, մեզ լավ են ընդունել, իրենց դռները բացել են, ազատություններ և իրավունքներ են տվել մեզ, կարողացանք առաջ գնալ և նպաստել նաև երկրի զարգացմանը: Մինչև վերջին օրն էլ աշխատում էի այնտեղ, վիրավորներ էի ընդունում: Ուրախ եմ, որ կարողացել եմ օգտակար լինել:

– Կուզե˚ս վերադառնալ:

– Կապս չեմ կարող ընդհատել Սիրիայի հետ: Այստեղ էլ լավ եմ զգում, այստեղ էլ հանգիստ եմ, այստեղ էլ հաջողակ եմ: Էլի իմ երկիրն է՝ մայր Հայաստան: Սիրիան՝ որպես հայր, Հայաստանը՝ որպես մայր: Չես կարող երկուսից հրաժարվել: Հուսամ՝ լավ կլինի, կապերը կվերականգնվեն: Ես լավատես եմ, որ Սիրիա-Հայաստան իրար հետ լավ աշխատանք պիտի անեն ապագայում: Մանավանդ, որ այս պատերազմը բացահայտեց, թե որքան հավատարիմ էր հայ ժողովուրդը, որքան երախտապարտ Սիրիայի ժողովրդին ու պետությանը: Լավ կլինի բարեկամության կամուրջ ստեղծել երկու պետության միջև: Ե՛ս կարող եմ լինել այդ կամուրջը:

– Ի˚նչ է քեզ համար Հայաստանը: Ի˚նչ զգացողություն ունեցար, երբ առաջին անգամ ոտք դրիր հայկական հողին:

– Հայաստանը միշտ ինձ հետ է: Այստեղ ինձ մայրական գրկում եմ զգում: Առաջին երկիրը, որ այցելել եմ, Հայաստանն է եղել: Միշտ երազում էի Հայաստան գալու մասին: Դա մեր բոլորի մեջ է: Այդ հայասիրությամբ ենք մեծացել: Մեր պատմությունը, լեզուն, ավանդույթները սրբություն են եղել մեր ընտանիքում:

– Պատմի՛ր, խնդրեմ, ընտանիքիդ մասին:

– Մորս կողմը գաղթել են Այնթապից, հորս կողմը՝ Մարաշից: Հայրս, մայրս ծնվել են Սիրիա, այնտեղ աշխատել են: Հիմա Սիրիայում հայրս, քույրս, եղբայրս են մնացել: Մայրս մահացել է 16 տարի առաջ: Բոլորս աշխատում էինք նախքան պատերազմը: Պատերազմի հետևանքով հայրս ամեն ինչ կորցրեց, իր բոլոր բիզնեսները, ինչ որ հիմնել էր 45 տարվա ընթացքում, լրիվ թալանեցին, աշխատանք չմնաց: Եղբայրս էլ բժիշկ է, աշխատում է, պետական աշխատող է, դժվար է դուրս գալը, քույրս էլ իրենց է խնամում, տան գործերով է զբաղված: Ես էլ այստեղ եմ: Հուսով ենք, որ երբ Հալեպի օդանավակայանը բացվի, հայրս կկարողանա գալ, հիմա իր համար ճանապարհը դժվար է, ոտքերի խնդիր ունի:

– Իսկ ձեր թաղամասը ռմբակոծվո˚ւմ է:

– Համեմատաբար ոչ: Նախքան գալս 7 անգամ հրթիռ ընկավ գրասենյակիս մոտ: Առավոտյան գալիս էի, ամբողջությամբ ապակու բեկորների մեջ թաղված էր:

– Ե˚րբ եկար Հայաստան:

– Փետրվարին եկա, և գործը հաջողվեց: Ես միշտ ուզում էի այստեղ մի լավ գործ անել: Շատ սիրում եմ Հայաստանը, տարին երկու երեք անգամ գալիս էի մի քանի օրով:

Թեև փորձառու բժշկուհի ես, շատ երիտասարդ, հմայիչ տեսք ունես, ո˚րն է քո հմայքի  գաղտնիքը:

– Առողջ ապրելապերպը: Նաև շատ եմ մարզվում: Սիրիայում մեծ թենիսի չեմպիոն եմ եղել: Մեր ընտանիքում բոլորը թենիսով են զբաղվում, քանի որ մարզիչը հորաքրոջս ամուսինն էր. Սրուրյանները թենիսի չեմպիոններ են:

Կուզենայի˚ր, որ քո երեխաներն ապրեն Հայաստանում

– Անշուշտ: Այստեղ շատ ապահով է: Աշխարհի 27 երկրներում եմ եղել, աշխատել եմ: Այստեղ անհամեմատ ապահով և հանգիստ է: Այստեղ հրաշալի տեղ է երեխա մեծացնելու համար: Առաջինը ապահովությունն է, հետո՝ Հայրենիքն է, լեզուն է, և կարևորը՝ նա չի հեռանում իր արմատներից: Մեր ինքնությունը պիտի պահպանենք, շատ քիչ ենք մնացել: Եթե չպահպանենք, արդեն վերջ, կձուլվենք, պետք է զգույշ լինենք այս հարցերում:

– Ժանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ի˚նչ ծրագրեր, առաջարկներ ներկայացրիր:

– Ուզում ենք մարզերի երեխաների համար շրջայցերի ծրագրեր իրականացնել, օգնել   տեսողության խնդիրներ ունեցողներին: Աչքի հիվանդություններ կան, որ պետք է բուժել մինչև ութ տարեկանը, հետո արդեն շատ դժվար է բուժվում: Սիրիայում առողջապահության նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ ես աշխատում էի այդ ծրագրով՝ պատերազմը խանգարեց, կիսատ մնաց: Հուսամ՝ Հայաստանում կկարողանանք նմանատիպ ծրագրեր իրականացնել:

– Աստված քո բոլոր ծրագրերին հաջողություն տա: Հայաստանը կարիք ունի քո նման նվիրյալների: Սիրիահայերը շատ ազնիվ, աշխատասեր, ստեղծագործող մարդիկ են:

Ի˚նչ ես երազում:

– Միայն խաղաղություն լինի: Մենք արդեն լավ գիտենք այդ բառի իմաստը, արժեքը: Միշտ ասում եմ՝ սերը ավելի հեշտ է ատելությունից: Թող սերը հաղթի: Թող ժողովուրդները սիրեն իրար:

Հրաժեշտ եմ տալիս ու մտածում. որքան սեր, ջերմություն, լույս կա այս հմայիչ աղջկա սրտում: Մարդկանց աչքի լույս նվիրող, սեր ու խաղաղություն երազող թանկագի՛ն Ժանին, թող կատարվեն քո բոլոր երազանքները:

 Զրուցեց Կարինե Բաբաջանյանը

Աղբյուրը` Հայերն այսօր

Scroll Up