«Կուզեմ, որ աշխարհի հայերը հավաքվեն Հայաստանում, զարգացնեն, հզորացնեն մեր երկիրը». Սարո Նագգաշյան

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, Պաղեստինի «Կրթություն աշխատանքի համար» կազմակերպության տնօրեն Սարո Նագգաշյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց հյուրին՝ արժևորելով Երուսաղեմում հայ համայնքի պահպանությանն ուղղված ազգանպաստ գործունեությունը և Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնելու նրա պատրաստակամությունը: Նախարարն առաջարկեց սիրիահայ շրջանավարտներին աշխատանքով ապահովելու ծրագիր իրականացնել՝ համագործակցելով հայաստանյան և միջազգային համապատասխան կառույցների հետ: «Շատ կարևոր է սիրիահայ երիտասարդներին օգնել, որ հաստատվեն Հայաստանում, լուծել նրանց կրթության և աշխատանքի հարցերը: Սիրիահայերը արտակարգ մարդիկ են, աշխատող, ստեղծագործող, համեստ»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայության հետ տարվող ամենօրյա աշխատանքները, խնդիրները, դժվարությունները:

Սարո Նագգաշյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ նա ընդգծեց, որ շատ կարևոր է Հայաստանում փոքր բիզնեսը զարգացնելը: Որպես տնտեսագետ՝ նա նշեց. «Աշխարհի շատ երկրներում տնտեսությունը 85 տոկոսով հիմնված է փոքր բիզնեսի զարգացման վրա: Կուզեմ, որ աշխարհի հայերը հավաքվեն Հայաստանում, զարգացնեն, հզորացնեն մեր երկիրը»:

Զրույցի ընթացքում քննարկվեցին Սիրիայի իրավիճակին, զարգացումներին ու հեռանկարներին, հետագա համատեղ ծրագրերին առնչվող հարցեր:

Scroll Up