ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ազգային ժողովում ներկայացրել է 2017 թվականի բյուջեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/Byuje-qnnarkum.jpg)
Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության բյուջեի նախագիծը: Նա նշել է, որ հաջորդ տարի նախարարության բյուջեն պայմանավորված է կառավարության ծրագրի պահանջներով, այն ընդհանուր առմամբ նվազել է 13 տոկոսով, 18 տոկոսով կրճատվել է ծրագրային բյուջեն:
2017թ. նախարարությունը իրականացնելու է 25 ծրագիր՝ 7 ուղղություններով: Առաջին ուղղությունը հայապահպանությանը միտված ծրագրերն են, մայրենիի պահպանմանն ու տարածմանը ուղղված միջոցառումները՝ հայերենի արագացված ուսուցում, հայոց լեզվի հեռուստադպրոց, ուսուցիչների վերապատրաստում և պատրաստում, մեկօրյա դպրոցների ստեղծում, գրականության և ուսումնամեթոդական նյութերի առաքում Սփյուռքի դպրոցներ (50.000 դասագիրք և 3000 խտասալիկ, էլեկտրոնային դասագրքեր): Նախատեսված են նաև կրթական, մշակութային և հոգևոր դաստիարակությանը վերաբերող ծրագրեր:
Հաջորդ խումբը Սփյուռքի երիտասարդության հայրենաճանաչության՝ «Արի տուն», «Մեր մեծերը» ծրագրերն են, փառատոներ, մշակութային միջոցառումներ, երիտասարդ առաջնորդների վերապատրաստում, երիտասարդական կազմակերպությունների ստեղծում և այլն:
Նախարարը ներկայացրեց նաև տարածաշրջանային՝ Մերձավոր Սփյուռքի, Լատինական Ամերիկայի, Ավստրալիայի, նախկին ԱՊՀ երկրների հայկական համայնքների կրթամշակութային աջակցության ծրագրերը:
Գերատեսչության ղեկավարը կարևորեց ծրագրի այն հատվածը, որը վերաբերում է Սփյուռքի ներուժի համախմբմանը, դրա արդյունավետ օգտագործմանը՝ ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման: Նա նշեց, որ այս տարի գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, որը խորհրդատվությամբ է ապահովելու, բիզնես ծրագրեր է առաջարկելու մեր հայրենակիցներին և Հայաստանում ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվելու: Այդ նպատակով կազմակերպվելու են տարբեր համաժողովներ, քննարկումներ: Տեղի կունենան Հայ առևտրաարդյունաբերական ցանցի 4-րդ և «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովները:
Մյուս ուղղությունը վերաբերում է Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացին, նրանց կրթական, առողջապահական, աշխատանքի, բնակարանային խնդիրների լուծմանը: Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքերը համակարգված են, գործում են 4 հանձնախմբեր և միջգերատեսչական հանձնաժողովը:
Վեցերորդ խումբը տեղեկատվական ուղղվածություն ունի, որում ներառված են բարձր տեխնոլոգիաների միջոցով Սփյուռքի հետ աշխատելու ծրագրերը: Գործում է նախարարության պաշտոնական կայքը, թերթը, էլեկտրոնային գրադարանը, կազմակերպվում են հեռակոնֆերանսներ: Նախարարը կարևորեց նախարարության նախաաձեռնությամբ ստեղծվող և Սփյուռքում տարածվող «Մերոնք», «Սփյուռքի ժամ», «Աշխահասփյուռ», «Գրական ընթերցումներ», «Նոր արմատներ» ծրագրերը և շնորհակալություն հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը՝ արբանյակային հեռարձակմամբ նախարարության ծրագրերը տարածելու համար:
Ծրագրերի վերջին ուղղությունը վերաբերում է Հայ դատին, որտեղ առանձնահատուկ տեղ է գրավում Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված ձեռնարկները: Նախարարը նշեց, որ Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովում սկսվեց «Դո՜ւ ի՜նչ ես արել Ղարաբաղի համար» շարժումը և խնդրեց Ազգային ժողովի պատգամավորներին ու լրագրողներին միանալ այդ շարժմանը:
Համապարփակ ներկայացված բյուջեի նախագծի վերաբերյալ հարցեր չհնչեցին: